Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է 2011-ին ծախսել 999 միլիարդ դրամ


Կառավարության արտագնի նիստը Իջեւանում: 30-ը սեպտեմբերի, 2010 թ.

Կառավարության արտագնի նիստը Իջեւանում: 30-ը սեպտեմբերի, 2010 թ.

Հինգշաբթի օրը Իջեւանում կայացած արտագնա նիստում կառավարությունը հաստատել է 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը: Վաղը փաստաթուղթը ուղարկվելու է Ազգային ժողով:

Ներկայացնելով նախագիծը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ նախատեսվում է ունենալ համախառն ներքին արդյունքի ավելի քան 4 տոկոսի աճ:

Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի կատարել շուրջ 999 միլիարդ դրամի ծախս: 2011-ի բյուջեի ծախսային մասը ընթացիկ տարվա համեմատ աճելու է 63 միլիարդ դրամով: Ընդ որում, հավելյալ ծախսերի գերակշիռ մասը՝ 42 միլիարդ դրամը, նախատեսվում է ուղղել սոցիալական ու մշակութային ոլորտներ:

2011-ին նախատեսվում է ավելացնել հարկային եկամուտների ծավալը` հասցնելով 650 միլիարդ դրամի:

Բյուջեի եկամտային մասը կազմելու է մոտ 850 միլիարդ դրամ, դեֆիցիտը` համապատասխանաբար 148.6 միլիարդ դրամ, կամ համախառն ներքին արդյունքի մոտ 4 տոկոսը:

«148.6 միլիարդի բացվածքը, այն մասով, որը վերաբերում է մեր միջազգային ծրագրերին, մենք ունենք դեռեւս միայն նախնական պայմանավորվածություններ, այդ թվերը ճշտվում են», - իր խոսքում պարզաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նաեւ նշեց, որ 2011-ի բյուջեի ռիսկերը պայմանավորված կլինեն նաեւ այս տարվա վերջին ամիսների տնտեսական աճի ցուցանիշներով:

Հաջորդ տարի պետական բյուջեով նախատեսվում է սահմանամերձ շրջանների զարգացման համար ներդնել ավելի քան 600 միլիոն դրամ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերին, նշեց. - «Դիրքերն ավելի են ամրացվել, վտանգավոր դիրքերում գտնվող բնակավայրերում ստեղծել են հակազդեցության հնարավորություններ»:

Օհանյանը կարեւորեց սահմանամերձ շրջանների բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցը` որպեսզի «նրանք չհեռանան իրենց բնակավայրերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG