Մատչելիության հղումներ

Աշոտ Մանուչարյան. «2012 թվականին ձեւավորվելիք խորհրդարանում օլիգարխները տեղ չեն ունենալու»


Աշոտ Մանուչարյան

Աշոտ Մանուչարյան

Քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով 2012 թվականին ձեւավորվելիք խորհրդարանում օլիգարխները տեղ չեն ունենալու:

«Այդ նոր պառլամենտում օլիգարխների համար տեղ չի լինելու: Արեւմուտքի ազդեցությունը այսօր էապես ավելի ուժեղ է, քան Ռուսաստանինը այդ պառլամենտի նախապատրաստման գործում: Արեւմուտքը դրանից հետո ունենալու է էապես ավելի ուժեղ դիրքեր, եւ շատ հավանական է, որ շատ ավելի կտրուկ շարունակվի զարգացումը` մոտավորապես վրացական տարբերակով», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով, Արեւմուտքի կողմից ծրագրվող սցենարով օլիգարխների փոխարեն նոր խորհրդարանը կազմված է լինելու երիտասարդ կադրերից: Ընդ որում, քաղաքական գործչի համոզմամբ, կարեւոր չի լինելու, թե կոնկրետ որ քաղաքական ուժի անվան տակ այդ երիտասարդ կադրերը կմտնեն խորհրդարան: Նույն տրամաբանության շրջանակներում, Մանուչարյանի կարծիքով, իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր» կուսակցությունը նոր խորհրդարանում Հանրապետականից հետո լինելու է մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

«Նա իրոք լինելու է երկրորդ տեղում, բայց դա ի՞նչ «Օրինաց Երկիր» է լինելու, ո՞նց է նա անցնելու խորհրդարան», - հարցնում է Մանուչարյանը եւ պարզաբանում. - «Արեւմուտքը շատ նուրբ, շատ հետաքրքիր համակարգ է: Նրանք սովորել են այդ բաները անել ամենանուրբ ձեւերով»:

Հարցին, թե արդյո՞ք օլիգարխները չեն ընդվզելու նման ծրագրերի դեմ, Մանուչարյանը նշեց, թե եթե օլիգարխը փորձում է պետությանը դեմ գնալ` կործանվում է:

«Այն բոլոր օլիգարխները, ովքեր երազում են 2012 թվականին հայտնվել պառլամենտում, կարող են հայտնվել բանտում», - կարծում է քաղաքական գործիչը:

Մանուչարյանը չի կիսում տարածված տեսակետը, թե Հայաստանում Ռուսաստանի իշխանությունն է հաստատված: Ռուսաստանը, ըստ նրա, անշուշտ, ունի իր դիրքերը, բայց Հայաստանում Արեւմուտքի ազդեցությունն այսօր ավելի մեծ է եւ «սրընթաց շարունակում է ավելանալ»:

«Ռուսաստանը այստեղ պարտվում է, շարունակում է պարտվել», - հայտարարեց նա:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, այսօր կարծիք է հայտնել, թե արտաքին ուժերը չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա:

Նրա փոխանցմամբ, ՀՀԿ-ն, «արտաքին ազդեցություններից զերծ», ինքնուրույն կկազմի ընտրական ցուցակը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG