Մատչելիության հղումներ

Լոռու մարզում 100 ընտանիք դուրս է մնացել բնակարանաշինության ծրագրից


Գոգարան գյուղի բնակիչ Կամո Սահակյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փորձում է ապացուցել, որ մինչ երկրաշարժը տուն է ունեցել:

Լոռու մարզում 1988 թվականի երկրաշարժից տուժած 24 գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում կառավարությունը նախատեսվում է բնակարանով ապահովել անօթեւան մնացած 1340 ընտանիք:

Քաղաքաշինության նախարարը, ով գլխավորում է աղետի գոտում բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, անցած տարի պաշտոնական գրությամբ մերժել էր Կամո Սահակյանին տուն հատկացնելու դիմումը:

«1986թ-ից ես հայրական տունս որդուս եմ տվել, ինձ համար նոր տուն կառուցել: Բայց Գյուղսովետի նախագահը գյուղի գրանցամատյանում որդուս անվան դիմաց չի նշել, որ տուն ունի: Հիմա էլ քաղաքաշինության նախարարն ասում է, որ որդիս երկրաշարժից տուն չի կորցրել», - բորբոքված պատմում է Կամոյի հայրը՝ Ռազմիկ Սահակյանը:

Փոքր տնակում ամուսնական երեք զույգ է ապրում, երկու փոքր երեխա:

Համաձայն կառավարության սահմանած կարգի՝ անօթեւան ընտանիքը պետք է փաստաթղթեր ներկայացնի քաղաքաշինության նախարարություն այն մասին, որ ժամանակին տուն է ունեցել: Կամո Սահակյանը նման փաստաթուղթ չունի:

Ընտանիքը սպասում է դատարանի որոշմանը: Եթե դատարանը մերժի հայցը, նրանք ողջ ընտանիքով կդիմեն երկրի նախագահին կամ էլ Գագիկ Ծառուկյանին՝ իրենց համար տուն գնելու խնդրանքով:

Սահակյանների պես Լոռու մարզի ավելի քան 100 անօթեւան ընտանիք տարբեր պատճառներով դուրս է մնացել նորակառույց բնակարանների հատկացման ծրագրից:
XS
SM
MD
LG