Մատչելիության հղումներ

Ռուսաստանը արգելում է Ավդեյ Տեր-Օհանյանի գործերի ցուցադրությունը Լուվրում


Լուվր

Լուվր

Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա կապակցությամբ ծրագրված միջոցառումները սկանդալային ընթացք են ստանում, քանի որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել է նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքների ցուցադրությունը Լուվրում` «Կոնտրապունկտ - ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:

Ցուցահանդեսը Լուվրում ներկայացվելու է հոկտեմբերի 14-ից հունվարի 15-ը:

Տեր-Օհանյանի աշխատանքների ցուցադրությունն արգելելու եւ դրանք Ռուսաստանից դուրս չթողնելու որոշման մասին չորեքշաբթի երեկոյան պաշտոնապես հայտարարել է երկրի մշակույթի փոխնախարար Անդրեյ Բուսիգինը` «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

Բուսիգինը այս որոշումը բացատրել է նրանով, որ կտավները պարունակում են սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված կոչեր եւ հրահրում են ազգային եւ կրոնական թշնամանք:

«Եկեք չքննարկենք, թե ինչ էր ցանկանում հեղինակն ասել իր ստեղծագործություններով, ինչ-որ մեկը այդ գործերի վրա կծիծաղի, իսկ ինչ-որ մեկը հնարավոր է լուրջ ընդունի», - իրենց որոշումը բացատրել է Բուսիգինը:

Փարիզյան ցուցադրության համար արգելված այդ 4 գործերը Ավդեյ Տեր-Օհանյանի 2004 թվականին ստեղծված «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքից են, դրանք իրենցից ներկայացնում են մետրուկես երկարություն եւ մեկ մետր լայնություն ունեցող կտավներ, որոնց վրա արված են աբստրակտ, հիմնականում` երկրաչափական պատկերներ, իսկ կտավի ներքեւում գրված են խիստ ծայրահեղական մակագրություններ, օրինակ` «Այս կտավն ուղղված է կրոնական թշնամանք հարուցելուն» կամ «Այս կտավը կոչ է անում պետական գործիչ Վլադիմիր Պուտինի կյանքի նկատմամբ ոտնձգության` նրա քաղաքական եւ պետական գործունեությունը կասեցնելու նպատակով»:

Այն, որ Տեր- Օհանյանի աշխատանքները թույլ չեն տալիս Ֆրանսիա տեղափոխել, հայտնի է դարձել սեպտեմբերի 24-ին, օրեր անց Լուվրի ցուցահանդեսի 7 մասնակիցներ բոյկոտել են եւ հրաժարվել իրենց աշխատանքները ցուցադրելուց` ի պաշտպանություն Ավդեյ Տեր-Օհանյանի: Լուվրի մամլո ծառայությունը, սակայն, պաշտոնապես դեռ չի հայտնում, թե նկարիչներից որեւէ մեկը հրաժարվել է մասնակցել ցուցահանդեսին:

Livejournal- ի իր բլոգում Ավդեյ Տեր-Օհանյանը բաց նամակով է հանդես եկել` գրելով, որ հրաժարվում է ցուցահանդեսի կազմակերպիչների առաջարկից` արգելվածների փոխարեն այլ գործեր ցուցադրել, եւ որ կմասնակցի ցուցահանդեսին միայն այն պայմանով, եթե իր այդ 4 աշխատանքները պաշտոնապես թույլ տրվի Ֆրանիսա տանել եւ ցուցադրել:

Ցուցահանդեսի ֆրանսիացի համադրող Մարի Լոր Բերնադակը դեռ որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ չի արել: Սպասվում է, որ Լուվրը այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի այս շաբաթ:

Ավդեյ Տեր-Օհանյանը սկանդալային նկարչի համբավ է ձեռք բերել 1998 թվականի «Արտ մանեժ» ցուցահանդեսի ընթացքում իր «Պատանի անաստված» ակցիայով, որի ժամանակ կացնով ջարդել է ուղղափառ քրիստոնեական սրբապատկերների կրկնօրինակները: Այդ ակցիայից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով, ինչից հետո նա քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայից եւ արտագաղթել Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG