Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 30-ի մամուլ


Հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել են Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանը վրա` «Հետք» շաբաթաթերթի խմբագիրը նախ մեջբերում է Կարապետյանի առերես հարցաքննությունից հետեւյալ հատվածը. - «2009 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 10:30-ին դուք եկաք իմ գինու գործարան եւ առաջարկեցիք գումարի դիմաց վճարել գողացված «Մերսեդես», «Տուարեգ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Ես չառարկեցի եւ պայմանավորվեցինք նայել մեքենաները»: «Հետք»-ի խմբագիրը մեկնաբանում է. - «Սա ասել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը Արթուր Զադոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Ուշադիր կարդացեք` խոսքը գողացված մեքենաների մասին է: Հայաստանում բոլորը գիտեն, որ այս պատգամավորը գողացված մեքենաներ է իրացրել, կարծում եմ` այսօր էլ նա շարունակում է դրանով զբաղվել: Շատ հավանական է, որ այդ մեքենաները փնտրվում են նաեւ Ինտերպոլով: Ընդ որում` հայտնի են Թուրքիայից բերված երկու գողացված մեքենաների սերիաները եւ տերերը: Ինչո՞ւ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցում, ինչո՞ւ է այս մարդը դեռ տեղ զբաղեցնում Ազգային ժողովում: Նրանք, ովքեր պիտի տան այս հարցերի պատասխանները, «կոռուպցիայի դեմ պայքարի» ազգային ծրագրեր են մշակում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախօրեին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը մի սենսացիոն հայտարարություն է արել: Այնքան սենսացիոն, որ ներկաները չեն իմացել` զարմանա՞ն, թե՞ ծիծաղեն: Նա հայաստանցի եւ սփյուռքահայ գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Ուկրաինայում, ավելի կոնկրետ` Խարկովի շրջանում: Իսկ ինչո՞ւ է այս հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի երկրից կապիտալի արտահոսք տեղի չունենա, հակառակը` Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացվեն: Սփյուռքահայ գործարարների դեպքում Անդրանիկ Մանուկյանի կոչն ընդհանրապես որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Թերթն այնուհետեւ գնահատում է. - «Եվ այնուամենայնիվ, այս հայտարարությունը միայն առաջին հայացքից է տարօրինակ: Իրականում նա լավ էլ հասկացել է, թե այս իշխանությունների օրոք ինչ պարտականություններ են դրված Հայաստանի դեսպանների վրա, բայց դիվանագիտության մեջ պարզամիտ մարդ լինելով, բարձրաձայն ասել է այդ մասին: Ի վերջո, իրենց առջեւ ի՞նչ խնդիր են դրել Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունները: Նրանք իրենց միլիարդները կուտակել են եւ շարունակում են կուտակել, բայց հասկանում են նաեւ, որ վաղ թե ուշ զրկվելու են իշխանությունից: Եվ որպեսզի դրան չհաջորդի անխուսափելի կուլակաթափումը, սրանք տենդագին որոնումների մեջ են եւ փորձում են թալանածը երկրից դուրս բերելու «կանալներ» ու ներդրումներ կատարելու «ապահով վայրեր» գտնել: Կարելի է չկասկածել, որ արտասահմանյան երկրներում Հայաստանի դեսպանների մեծ մասը հենց այս փնտրտուքով է զբաղված»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «Ազատագրված տարածքներում հոկտեմբերի 4-14-ին նախատեսվող դաշտային փաստահավաք առաքելության նպատակների շուրջ մեզանում վերջին օրերին ծավալվող սուր քննարկումները աստիճանաբար բացահայտում են արտաքուստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «հերթապահ միջոցառման» տպավորություն ստեղծող այս ձեռնարկի հնարավոր վտանգները։ Ակնհայտ է, որ մինչ օրս չեն հստակեցվել նման վիճահարույց առաքելության հետ կապված բազմաթիվ հարցեր, մինչդեռ ուր որ է կժամանեն Մինսկի խմբի համանախագահները, նրանց միացած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները։ Վիճահարույց առաքելություն, քանզի այս միջոցառումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի առաջադրած, բայց ժամանակավորապես հետ վերցրած բանաձեւի «լույսի ներքո», ուստի միջազգային ասպարեզում Հայաստանի վրա գործադրվող քաղաքական ճնշման թյուր տպավորություն է ստեղծում։ Ներկա պահին անհանգստության պատճառ դարձող հարցերից, սակայն, ամենակարեւորը առաքելության երթուղին է։ Պատճառն այն է, որ թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղօրոք խոստացել էին պահպանել «պարիտետը», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքների հետ միասին այցելել նաեւ Շահումյանի շրջան եւ Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղի այլ հատվածներ, բայց հայտնի է, որ Բաքուն դեմ է նման տարբերակին։ Այնպես որ այս անգամ էլ իր համաձայնությունը չի տա»։

«Առավոտ» թերթի ունեցած տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցությունն առաջիկայում կայանալիք համագումարում որոշում կկայացնի լուծարման եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին: Երեկ այս առիթով թերթի հետ զրույցում Ուրիխանյանն ասել է, որ մեկնաբանություններ չի անում, իրադարձությունները կզանգանան եւ ամեն ինչ պարզ կդառնա: Առաջադիմականների համագումարը նախատեսված է հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG