Մատչելիության հղումներ

Գրեթե մեկդարյա պատմության ընթացքում ԵՊՀ-ի հրատարակչությունը 2009-2010 ուսումնական տարում գրանցել է ամենաբարձր ցուցանիշները` հրատարակելով 190 անուն գիրք: 90-ամյա ԵՊՀ-ն իր իսկ նախաձեռնած գրքի տոնի առթիվ ցուցադրության էր հանել համալսարանական գրքերը, հրավիրել դրանց հեղինակներից շատերին, ուսանողներն էլ հնարավորություն ունեին անվճար ձեռք բերել երբեմն գրադարաններում բացակայող գրքերը:

Համալսարանում առաջին գիրքը լույս է տեսել 1920 թվականին` ԵՊՀ-ի հիմնադրման տարում: - «Սիրական Տիգրանյանի թարգմանած հոգեբանության դասագիրքն այս տարի բոլորում է հրատարակման 90 տարին. այն այսօր էլ պահպանվում է ԵՊՀ գրադարանում», - պատմեց մայր բուհի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը:

ԵՊՀ-ում հրատարակչության աշխատանքները երբեք կանգ չեն առել, գրքեր տպագրվել են անգամ պատերազմական, ճգնաժամային տարիներին: Հրատարակչության տնօրենը, ամփոփելով 90 տարիները, կարողանում է նշել գրքերի այն տեսակները, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսանողների շրջանում` իրավաբանական, օտար լեզուներով գրքեր եւ բառարաններ:

ԵՊՀ-ի գրադարանի նախասրահում ներկայացված գրքերը հիմնականում հայագիտական ուղղվածության էին. անվճար գիրք ստանալու ցանկությունը այնքան մեծ էր, որ շատ ուսանողներ վերցնում էին ցուցադրված գրքերը` անգամ չիմանալով հեղինակին եւ մոտավոր բովանդակությունը:

Մայր բուհում գրքի տոնի կազմակերպիչներն այս նախաձեռնությամբ փորձել էին վերադարձնել եւ պահպանել գրքի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը:

XS
SM
MD
LG