Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հարվարդի համալսարանում խոսել է գլոբալ հարցերի համատեքստում իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։

Ելույթ ունենալով Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցում` Դավութօղլուն ասել է, որ այսօր անհրաժեշտ է հաստատել քաղաքական, տնտեսական եւ մշակութային նոր աշխարհակարգ։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը հավաստիացրել է, որ Թուրքիան հարեւանների հետ փայլուն հարաբերություններ է հաստատել։ «Բացառությունը Հայաստանի հետ հարաբերություններն են, բայց վաղ թե ուշ մենք կբարելավենք դրանք», - ասել է Դավութօղլուն։

«Չիհան» գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն նաեւ պնդել է, որ հայերը պարտավոր են ազատել «Ադրբեջանի գրավյալ տարածքները», եւ նշել, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավումն է հայ - թուրքական կապերի բարելավման հիմնական պայմանը։

«Բոլորը պետք է հարգեն այլ երկրների տարածքային ամբողջականությունը, վաղ թե ուշ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները պետք է վերադառնան բնականոն հուն», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը եւ ավելացրել, թե 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները տակավին ուժի մեջ են։

Նրա խոսքերով, Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները ոչ միայն պաշտոնական Երեւանի, այլեւ տարբեր երկրներում բնակվող հայության հետ, «որովհետեւ պատմականորեն հայերն ու թուրքերը կողք-կողքի են ապրել»։

Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե արտասահմանում գործող հայկական լոբբին պարտավոր է հրաժարվել «1915 թվականի իրադարձությունները շահարկելու եւ «ցեղասպանություն» անվանելու միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատումը խոչընդոտելու գործելակերպից»։

Նրա պնդմամբ, 1915 թվականի իրադարձություններից տուժել են ե'ւ հայերը, ե'ւ թուրքերը։ «Եթե նրանք դա ցեղասպանություն են անվանում, ապա ինչպե՞ս անվանել Կովկասում եւ Բալկաններում թրքալեզու բնակչության ոչնչացումը։ Հարկ է բոլոր կողմերին լսել», - ասել է Դավութօղլուն։

«Դավութօղլուն անընդունելի է համարել հայերի «ցեղասպանությունը» հրեից ողջակիզման` Հոլոքոսթի հետ համեմատելու փորձերը Եվրոպայում եւ ասել, թե ոչ մի թուրքական քաղաքում երբեւէ գոյություն չի ունեցել հայերի «գետտո», ուստի այդ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է», - նշվում է Turkish Weekly հանդեսում։

Դավութօղլուի խոսքերով, հայերին թուրքերի հասցեագրած պատգամն է` «մի փակեք դուռը, որը բացվել է խաղաղություն հաստատելու համար, եւ դրանում մի մեղադրեք մեզ»։

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, դրա համար էլ ստորագրել ենք արձանագրությունները։ Անհրաժեշտ է կերտել նոր Կովկաս, որտեղ փոխադարձաբար կհարգեն տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն էլ պետք է բարելավվեն ու դառնան կայուն եւ ամուր», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան ներդաշնակության մեջ է իրականացնում երեք առաջնահերթությունները` Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական դաշինքը եւ հարեւանների հետ հարաբերությունները։

Ամերիկայի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն, ասել է նա եւ վկայակոչել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, ով թուրք - ամերիկյան կապերը «գործընկերության օրիինակ» է անվանել։

«Թուրքիան` որպես տարածաշրջանային տերություն, եւ Միացյալ Նահանգները` որպես համաշխարհային տերություն, ունեն ռազմավարական միանման նպատակներ», - ասել է Ահմեդ Դավութօղլուն։

Նա նշել է, թե այն բանից հետո, երբ իշխանությունը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է ստանձնել, Թուրքիան որդեգրել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, ստեղծել է զարգացող տնտեսություն եւ ինքնավստահություն է ձեռք բերել։

Դավութօղլուի խոսքերով, իր երկիրը պատկանում է ոչ թե մեկ, այլ մի քանի տարածաշրջանների, եւ հարեւանների հիմնախնդիրները ազդում են նաեւ Թուրքիայի վրա։ Հենց այդ իրողությունից ելնելով` Անկարան գործադրում է դիվանագիտական ակտիվ ջանքեր հնարավոր ճգնաժամերը կանխելու համար։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG