Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի բացառում, որ կալանավայրում իր նկատմամբ կարող են բռնություն գործադրել


Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում ողջունում է իր համակիրներին
Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում ողջունում է իր համակիրներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը կալանավայրում այցելել են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանից ահազանգ ստանալով խմբագրի կյանքին սպառնացող վտանգի մասին եւ այցելելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները, սեպտեմբերի 29-ին Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանին առաջարկել են մեկուսի զրուցել, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն անցկացվի քրեակատարողական հիմնարկի պետի` Լյովա Բաղդասարյանի ներկայությամբ: Հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել է, որ իր կյանքին վտանգ սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է:

«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հրապարակել արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների այցի վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե Լյովա Բաղդասարյանի ներկայությամբ հայտարարել է. - «Իմ կյանքի եւ անվտանգության համար սպառնալիք կարող է ստեղծել միայն քրեակատարողական հիմնարկի պետը` իր անմիջական ղեկավար, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի հրամանով, իրեն ենթակա կրիմինալ տարրերի միջոցով, իր վարչակազմի ներկայացուցիչների թողտվության պայմաններում»:

Նիկոլ Փաշինյանը քրեակատարողական հիմնարկից նաեւ գրել է, որ առավոտյան իրազեկ դատապարտյալները եւ քրեակատարողական հիմնարկի որոշ ներկայացուցիչներ շնորհավորում էին իրեն` ասելով, որ «մեծ փորձանքից է պրծել»: «Հայկական ժամանակ»-ի խմբագիրն ամփոփում է. - «Պլանավորված օպերացիան, փաստորեն, կանխվեց, եւ սա այն դեպքերից է, երբ պետք է խոստովանել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի գործողությունները տվեցին շատ կոնկրետ արդյունք»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ շարունակելու է հետեւել Նիկոլ Փաշինյանի հետ կապված իրավիճակին:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափը կիսով չափ կրճատվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG