Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ավարտեց այցը ԱՄՆ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ավարտել է այցելությունը Միացյալ Նահանգներ եւ վերադարձել Երեւան:

Այցի վերջին օրը` սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բոստոնում ելույթ է ունեցել Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, ինչպես նաեւ հանդիպել տեղի հայ համայնքի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆլեթչերի դպրոցում Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի եւ Հիտլերի միջեւ պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով - Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին - Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել»:

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007 թվականի նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ-ի քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում եւ մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թվականի նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ: Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը: Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել»:

«Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց այսպես կոչված «ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG