Մատչելիության հղումներ

Կասյանով. «Լուժկովի պաշտոնանկությունն առաջին ինքնուրույն քայլն էր, որին դիմեց Մեդվեդեւը»


Միխայիլ Կասյանովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում

Միխայիլ Կասյանովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում

«Լուժկովի պաշտոնանկությունն առաջին ինքնուրույն քայլն էր, որին դիմեց Մեդվեդեւը», - համոզված է Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը:

«Սա շատ նշանակալի է իրադարձություն է, քանի որ պաշտոնանկ է արվել Դաշնության ամենակարեւոր սուբյեկտներից մեկի` միլիոնավոր բնակիչներ ունեցող Մոսկվայի ղեկավարը: Լուժկովին հեռացրեցին այն պատճառաբանությամբ, որ նա կորցրել է նախագահի վստահությունը: Առաջին անգամ Մեդվեդեւն իրեն դրսեւորեց որպես ինքնուրույն գործող նախագահ», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ընդգծել է Կասյանովը` հավելելով. - «Իշխանական բուրգն այլեւս լուրջ ռիսկեր էր սկսել կուտակել, իրավիճակը, սակայն, սկսել է փոխվել: Դա լավ է մեզ բոլորիս համար»:

Լուժկովի պաշտոնանկությունը այն եզակի դեպքերից է, երբ ռուսաստանյան ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների տեսակետները համընկել են:

Իշխող «Եդինայա Ռոսիա»-ն ներկայացնող Կոնստանտին Կոսաչեւի կարծիքով` Մոսկվայի քաղաքապետի հետ տեղի ունեցածը պատահական չէր: «Վերջին շրջանում Լուժկովի մոտ սեփական անսխալականության որոշակի զգացում էր ի հայտ եկել: Նրա մոտ համոզմունք առաջացավ, որ միայն իր ռազմավարանությունն ու մարտավարությունն են ճշմարիտը: Նման մոտեցումը միշտ էլ հանգեցնում է կոնֆլիկտների, ինչն էլ տեղի ունեցավ», - ասել է Կոսաչեւը:

Լուժկովի կառավարման տարիներն ամփոփող զեկույցի համահեղինակներից մեկը` անկախ տնտեսագետ Վլադիմիր Միլովը խորհուրդ է տալիս մտածել, թե ինչ է սպասում մոսկվացիներին:

«Իշխանություններից որեւէ ակնկալիք չունենք: Նոր քաղաքապետ ընտրելու հնարավորություն ընձեռելու, քաղաքապետի ընտրությունները վերադարձնելու փոխարեն պարզապես նոր նշանակում կիրականացվի: Դա այս ողջ պատմության ամենատհաճ շարունակությունն է լինելու», - ասել է Միլովը` ընդգծելով. - «Մենք, իհարկե, ուրախ ենք, որ գլխավոր կոռուպցիոներ եւ ավտորիտար համակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Լուժկովը հեռացված է: Դրա հետ մեկտեղ, սակայն, մեզ անհրաժեշտ է քաղաքում նոր օրակարգ ձեւավորել, որի գլխավոր հարցադրումը հետեւյալն է լինելու` ինչպես է ընտրվելու քաղաքի նոր ղեկավարը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG