Մատչելիության հղումներ

logo-print

ՀՅԴ-ն Աշտարակում հանրահավաք կանցկացնի չնայած քաղաքապետարանի եւ դատարանի մերժմանը


ՀՀ Վարչական դատարանը երեքշաբթի օրը մերժել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի հայցը Աշտարակի քաղաքապետարանի սեպտեմբերի 24-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:

Դաշնակցության Արագածոտնի մարզային կառույցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր սեպտեմբերի 29-ին քաղաքում հանրահավաք անցկացնելու մասին եւ սեպտեմբերի 24-ին որոշմամբ մերժում ստացել:

ՀՅԴ գերագույն մարմինը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին, Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում»:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը, որի ժամանակ ելույթներ կունենան ՀՅԴ-ի ղեկավար անդամներ, նվիրված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք հատկապես սրվել են Արագածոտնի մարզում, եւ դրա հետ մեկտեղ վարվող ոչ արդյունավետ պետական կառավարման քաղաքականությունը եւ դրա մաս կազմող կադրային քաղաքականությունը:

«Ընդհանրապես ամբողջ հանրապետությունում է խայտառակ կադրային քաղաքականություն գնում, բայց հատկապես դրա ամենացայտուն դրսեւորումը Արագածոտնի մարզում է, այդ թվում նաեւ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված [աշխատանքից] ազատումների շղթան», - հավելեց դաշնակցական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կազմակերպել բազմաթիվ նմանօրինակ մարզային միջոցառումներ: Դաշնակցական պատգամավորը նաեւ հայտարարեց, որ հանրահավաքը նախընտրական բնույթ չի կրում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG