Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության կայքէջը ճանաչվել է տարվա լավագույն ինտերնետային պաշտոնական կայք


Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանի կառավարության ինտերնետային կայքը ճանաչել է 2010 թվականին «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք»:

Երեքշաբթի օրը Երեւանում տեղի ունեցած Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 8-րդ մրցանակաբաշխությանը կառավարության կայքը արժանացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հարկ էր համարել անձամբ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, իր խոսքում ասաց, թե կառավարության կայքէջի տրամադրած «ծավալուն եւ խորը» տեղեկատվությունը անաչառ վերլուծության չի արժանանում ու չի հասնում լայն հասարակությանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ունեցած Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 8-րդ մրցանակաբաշխությանը
«Շատ ավելի մեծ տեսակարար կշիռ են զբաղեցնում այն կազմակերպությունները, որոնք տալիս են քաղաքական մեկնաբանություններ, որոնք նույնպես անհրաժեշտ են, բայց եթե այդ քաղաքական մեկնաբանություններին զուգորդեր նաեւ հասարակական եւ մասնագիտական կազմակերպությունների տեղեկատվությունը, պրոֆեսիոնալ վերլուծությունը, ապա տեղեկացված լինելու այս դաշտը կլիներ ավելի բաց, ամբողջական», - ասաց վարչապետ Սարգսյանը:

Ամենահրապարակային գործող մարմին անվանակարգում այս տարի «Ոսկե բանալի» մրցանակին արժանացավ Գորիսի համայնքապետարանը: Մրցանակը ստացավ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:

«Թե տեղեկատվության, թե տեղեկատու լինելու առմամբ կարծեք թե մեզ մոտ այս վերջին տարիներին այդ զարգացումները ինստիտուցիոնալ ձեւով տեղի են ունեցել», - մեկնաբանելով մրցանակի արժանանալու հանգամանքը` ասաց Գորիսի քաղաքապետը:

Մրցանակի արժանացավ նաեւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը` անցած տարվա ընթացքում Երեւանի կանաչ տարածքների պահպանման խնդիրները բարձրաձայնելու համար:

«Կարծում եմ այս դեպքում կարեւոր է նաեւ մեր քաղաքի բնակիչների քաղաքացիական գիտակցության հարցը եւ տեղեկություն ստանալու ազատ իրավունքը, որը նրանք կարող են օգտագործել», - ասաց կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Բեքարյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը տարվա ամենափակ գերատեսչության համար սահմանված մրցանակին` ժանգոտ կողպեքին, արժանացրեց Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ով չէր ներկայացել միջոցառմանը:

«Տեղեկատվության 1 էջի համար 500 դրամ սահմանելու համար, որովհետեւ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի: Դա ուղղակի հակասահմանադրական է. մարդուն պատկանող տեղեկատվությունը նրան 500 դրամով վաճառելու համար», - կազմակերպության որոշումը մեկնաբանեց Դոյդոյանը:
XS
SM
MD
LG