Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը չի հավատում Սարգսյան-Ծառուկյան հակամարտությանը


Կոալիցիոն համաձայնությամբ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը եւ նոր թեկնածուի առաջադրումը քաղաքական տարաբնույթ գնահատականների տեղիք է տվել:

Մամուլում լուրեր են պտտվում, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասություններ կան, փորձ է արվում թուլացնել Ծառուկյանին, եւ խորհրդարանի փոխնախագահին փոխելու անհրաժեշտությունը հենց նման իրավիճակում է առաջացել:

Հայ հեղափոխական դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան
«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի փոխնախագահի` տիկին Պետրոսյանի հրաժարականը լավ երեւույթ չէր: Տիկին Պետրոսյանը վատ փոխնախագահ չէր, եւ ճիշտ կլիներ, որ մնար իր տեղում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Այդքան խոսվում է [Սարգսյան-Ծառուկյան հակասությունների] մասին, բայց ես նման հակասությունների չեմ հավատում: Չեմ հավատում ուղղակի», - ընդգծեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ-ն երկուշաբթի օրը որոշել է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը` Արեւիկ Պետրոսյանի հրաժարականից հետո Ազգային ժողովի փոխնախագահի թափուր մնացած պաշտոնում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը դեմ քվեարկի Սամվել Բալասանյանի նշանակմանը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Իհարկե` կարող է: Բայց դեռ խմբակցության նիստ չի եղել: Մենք, բնականաբար, կքննարկենք այդ թեկնածությունը: Ես Սամվել Բալասանյանի դեմ անձնապես ոչինչ չունեմ, շատ լավ ծանոթ էլ չեմ, բայց ի վերջո` սա քաղաքական որոշում է եւ քաղաքական քննարկում է պահանջելու»:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի վերաբերյալ հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Ես սա դիտարկում եմ առավելագույնը ներկուսակցական հարթությունում, եւ մի փոքր էլ հնարավոր է, որ սա Ռոբերտ Քոչարյանի կադրային զինանոցին խփելու քայլ լինի, որովհետեւ Արեւիկ Պետրոսյանը, ըստ էության, համարվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կադր»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյան
Մարտիրոսյանը, սակայն, դժվարացավ մեկնաբանել, թե կոնկրետ ո՞վ է շահագրգռված «խփելու Քոչարյանի կադրային զինանոցին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը եւս չի կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ կարող են այնպիսի հակասություններ լինել, որոնք սուր հակամարտության հանգեցնեն:

«Տեսանք թե ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի եւ նրա բիզնեսների հետ, երբ նա ընդդիմության կողմն անցավ, ուստի չեմ կարծում, որ մնացած բիզնեսմենները խորը հակասության գնան: Ես կարծում եմ իրենք համապատասխան պայմանավորվածությունների կգան», - վստահեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնում Սամվել Բալասանյանի առաջադրմանը` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իմաստ չունի խոսել այն մասին, թե ինչպես է քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը:

«Իմ կարծիքով նշանակումների դեպքում քվեարկություն պետք էլ չէ: Սա հերթական նշանակումն է, ըստ էության», - կարծիք հայտնեց Մարտիրոսյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ՀՀԿ-ն, հանդիսանալով կոալիցիոն գործընկեր, կողմ է քվեարկելու «Բարգավաճ Հայաստանի» առաջարկած թեկնածուին:

«Մենք էլ ենք երբեմն փոփոխություններ անում կուսակցությունում, սա ներքին խնդիր է, մենք չենք ուզում խառնվել «Բարգավաճ Հայաստանի» գործերին», - հայտարարեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի եւ նախագահ Սարգսյանի հարաբերություններին` ՀՀԿ-ի փոխնախագահը, մասնավորապես, ասաց. - «Ծառուկյան - ՀՀ նախագահ հարաբերությունները նորմալ են շատ, պարզապես այսօր Հայաստանում կան ուժեր, հատկապես ընդդիմադիր դաշտում, որ փորձում են փոքր բանից մեծ բան սարքել: «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունները նորմալ են եւ շարունակելու են նորմալ մնալ մինչեւ նոր ընտրություններ: Այդ ժամանակ արդեն կերեւա ինչ կլինի, ինչպես կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG