Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. -«Քաղբանտարկյալների գոյությունն ընդունելու համար բացարձակապես պարտադիր չէ լինել ընդդիմության համակիրը: Ինձ, օրինակ, դուր չի գալիս ներկայիս ընդդիմության գործելակերպը` ո'չ քաղաքական, ո'չ էլ զուտ մարդկային առումով: Պարտադրել բոլորին քայլել իրենց քայլերգի տակ` հնչեցնելով «անարգանքի սյունին գամելու» սպառնալիքը, դրա մեջ, համաձայնեք, ո'չ ազատականություն կա, ո'չ էլ ժողովրդավարություն: Իմ կարծիքով, ոչ մի քաղաքացի պարտավոր չէ որեւէ բան անել, նա պարտավոր է որոշ բաներ չանել` այն, ինչ արգելված է օրենքով: Բայց մի բան է քաղաքականապես համաձայն չլինել ընդդիմության հետ, մեկ այլ բան` մերժել կամ արդարացնել դրա լիդերներին եւ ակտիվիստներին ապօրինի կերպով հետապնդելու ակնհայտ փաստը: Իսկ այն փաստարկները, որոնք բերվում են հօգուտ քաղբանտարկյալների բացակայության մասին պնդումների, հիրավի անհեթեթ են եւ ամբողջությամբ հնարած»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ողջ ամառը ՀԱԿ-ը զբաղված էր հայցադիմումներ պատրաստելով եւ համապատասխան դատարաններ ներկայացնելով. Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը Հաագայի դատարան ներկայացնելուց հետո ձեռնամուխ եղան գազի գնի բարձրացման դեմ «7 հազար քաղաքացիների» հայցի պատրաստմանը եւ դատարան ներկայացնելուն: Դրանից առաջ էլ զբաղված էին «քաղբանտարկյալներին» արդարացնող առանձին հայցերի պատրաստմամբ. հերթով դիմում էին դատարան եւ, անցնելով բոլոր դատական ատյանները, գործերն ուղարկում էին Եվրադատարան: Հիմա էլ, խնդրեմ, զբաղված են պետության դեմ հայցադիմումի պատրաստմամբ»: «Իսկապես որ Տեր-Պետրոսյանի կոնգրեսը ոչ թե քաղաքական կառույց է, այլ փաստաբանական գրասենյակ», - հեգնում է թերթը:

Lragir.am-ը գրում է. - «Հայկական բանակի նկատմամբ թե' հասարակության համար, թե' լրագրողների, կար մի կայուն տաբու, որ անվտանգության երաշխավորի մասին կարելի էր ասել միայն լավը կամ ոչինչ: Գեներալիտետը իրեն հարց չի տալիս, թե ինչո՞ւ ջարդվեց այդ տաբուն, եւ բանակը սրբությունից վերածվեց հասարակական երեւույթի, որը կարելի է քննարկել ու քննադատել: Իսկ պատճառը ոչ միայն այն է, որ ողբերգական դեպքերն այնքան են շատացել, որ էլ լռել ու պարտակել չի լինի. այդ շատանալն էլ պատճառաբանված է մեկ այլ ողբերգական երեւույթով` մարտի 1-ով: Բանակի նկատմամբ տաբուն ջարդվեց մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, երբ բանակն իրականացրեց իր կոչմանը հակառակ գործողություններ. իր քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն հարձակվեց իր քաղաքացիների վրա: Իհարկե, կասեն, որ բանակը մեղավոր չէր, որ բանակը միայն հրաման էր կատարում, որ իրական հարձակվողներն օլիգարխների թիկնապահներն էին, նրանց մասնավոր բանակները, ոչ թե ՀՀ բանակը: Երբեւէ որեւէ օլիգարխի թիկնապահ չէր համարձակվի հանդես գալ, եթե չիմանար, որ հիմնական գործող ուժ էր նշանակվելու եւ նշավակվելու ՀՀ բանակը»:

«Կապիտալ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ կա՞ այնպիսի լուրջ տարաձայնություն, որը ստիպի վերջինիս դուրս գալ կոալիցիայից»։ Պատգամավորը պատասխանում է. - «Որեւէ լուրջ տարաձայնություն չկա։ «Բարգավաճ Հայաստան»-ը այն քաղաքական ուժն է, իսկ մեր կուսակցության առաջնորդն այն առաջնորդը, որը երբեք խաղի կանոններ չի խախտում, երբեք չի խախտում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սակայն մենք ասել ենք եւ պիտի կրկնենք, որ եթե մեր նկատմամբ որեւէ ոչ կոռեկտ քայլ է արվում, ապա «Բարգավաճ Հայաստան»-ը այն քաղաքական ուժը չէ, որ թույլ տա՝ իր մասին, թեկուզ որեւէ ոչ կոռեկտ ձևակերպում արվի եւ դա մնա անպատասխան»։ Հարց. - «Չնայած Ձեր համոզմանը՝ Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ եթե ՀՀԿ-ն ցանկանա, կկարողանա պառակտել «Բարգավաճ Հայաստան»-ը»։ Պատասխան. - «Ցավում եմ, որ պարոն Ռազմիկ Զոհրաբյանին թվում է, թե ինչ-որ մեկի ցանկությամբ հնարավոր է թուլացնել կամ ուժեղացնել որեւէ կուսակցություն։ Զոհրաբյանին հիշեցնեմ, որ այդ մենաշնորհը պատկանում է հասարակությանը։ Ի տարբերություն Ռազմիկ Զոհրաբյանի՝ մենք կարծում ենք, որ մեր երկրում ամեն բան որոշում է ընտրությունը եւ ժողովրդի քվեն»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը. - «Ինչպես երեւում է ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» վեճի անիվը թափ է հավաքում: Այդ ընթացքը ինչ-որ առումով հիշեցնում է 2007 թվականը, երբ խորհրդարանի ընտրությունից առաջ ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» այնպիսի փոխհարաբերության մթնոլորտ էր ստեղծվել, որ այդ երկու կուսակցությունների շարքերը քիչ էր մնում դուրս գային իրար դեմ ճակատամարտի: Մինչդեռ խորհրդարանի ընտրությունից հետո կուսակցությունների վերնախավերը հանգիստ նստեցին ու բաժանեցին մանդատները: Արդյո՞ք մենք գործ չունենք պատմության կրկնության հետ, որի նախադեպը, ի դեպ, տեսել ենք ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ, այլ նաեւ ՀՀԿ-ՕԵԿ կամ իշխանություն-ՕԵԿ ձեւաչափով: Հիշում եք` 2006 թվականի մայիսին «Օրինաց երկիրը» աղմուկ-աղաղակով դուրս եկավ իշխող կոալիցիայից, ՕԵԿ նախագահին նույնիսկ դավաճան հռչակեցին, լրտեսելով բրիտանացի դիվանագետի հետ նրա հանդիպումը: Արդյունքը եղավ այն, որ նախագահի ընտրությանն ՕԵԿ-ը 300 հազար ձայն խլեց ընդդիմությունից եւ իշխանությանը լավություն անելով` նետեց ջուրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG