Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի դիտորդները սկսում են աշխատանքը Ադրբեջանում


ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Օդրի Գլովեր

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Օդրի Գլովեր

Երեքշաբթի օրվանից Ադրբեջանում մեկնարկում է նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքը:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) մամլո ծառայության ղեկավար Յենս Էշենբախի փոխանցմամբ, Բաքու է մեկնել փորձագետների երկու խումբ։ «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը կայանալիք ասուլիսի ընթացքում դիտորդները կներկայացնեն իրենց աշխատանքի ծրագիրը։

Առաքելությունը ղեկավարում է Օդրի Գլովերը, ով ղեկավարել է 2008 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ-ի դիտորդների թիմը։

Ադրբեջանում խորհրդրանական ընտրությունները այս տարի տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով` 125 ընտրատարածքներում։ Ընտրողների թիվը մոտ 5 միլիոն է։

ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդների երկու խմբերից մեկը, որի կազմում 16 մարդ է, կտեղակայվի մայրաքաղաք Բաքվում, երկրորդ խումբը` 26 դիտորդ, աշխատելու է երկրի տարբեր շրջաններում։ Այդ խմբերը պետք է իրականացնեն նախընտրական մոնիտորինգ եւ աշխատեն բուն ընտրությունների օրը։

Բացի այդ, նոյեմբերի 7-ին Ադրբեջանում ընտրություններին հետեւելու է ԵԱՀԿ-ից 450 կարճաժամկետ դիտորդ։ ԵԱՀԿ-ն արդեն հաջորդ օրը կհրապարակի իր նախնական զեկույցը, իսկ ամփոփիչը պատրաստ կլինի ընտրություններից երկու ամիս անց` 2011 թվականի հունվարի առաջին կեսին։

«Թրենդ» գործակալությունը նշում է, որ Եվրոպական միությունը, ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը հանդես են եկել Միլի մեջլիսի ընտրություններին նախապատրաստվելու հարցում Ադրբեջանին օգնելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու նախաձեռնությամբ։ Երեք կառույցները հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ «օգնության նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, ընտրությունների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճին, ընտրական հանձնաժողովների անկախությանը եւ լրատվամիջոցներին, որոնք պետք է ապահովեն բոլոր թեկնածուների նախընտրական արշավի անկախ, համապարփակ եւ անաչառ լուսաբանում»։

Ադրբեջանում Միլի մեջլիսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2005 թվականին։ Դրանց արդյունքում իշխող կուսակցությունը` «Ենի Ազերբայջան»-ը վաստակել է քվեների 62.3 տոկոսը եւ 125-տեղանոց խորհրդարանում ապահովել 75 տեղ։ Ենթադրվում է, որ «Ենի Ազերբայջան»-ը ունի մոտ կես միլիոն անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG