Մատչելիության հղումներ

Դաշտային առաքելությունը չի ազդի Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վրա


Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում հոկտեմբերի 4-ից 14-ը անցկացվելիք դաշտային փաստահավաք առաքելությունից հետո Հայաստանի դիրքորոշումը հակամարտության լուծման վերաբերյալ փոփոխություն չի կրելու: Այս մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելի ամբողջական մոնիտորինգ եւ առաքելություն իրականացնելու համար ճիշտ կլինի, որպեսզի այս առաքելության ավարտից հետո նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում (դա Շահումյանն է, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենը, Գետաշենը եւ մի շարք այլ տարածքներ) իրականացվի նման դաշտային առաքելություն։ Առանց դրա միակողմանի կլինի», - կարծիք հայտնեց Շարմազանովը:

Շաբաթ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել այն մասին, որ 2010 թվականի հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրենց կողմից իրականացվելու է Դաշտային փաստահավաք առաքելություն, որին մասնակցելու համար հրավիրվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներ:

Այս առթիվ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծել էր, որ Ղարաբաղը առաքելությունը իրականացնելու իր համաձայնությունը տվել է` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադբրեջանի օկուպացիայի տակ»:

Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ ընդգծեց, որ բանակցություններում Հայաստանի համար գլխավորը հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Այս առաքելությունից հետո մեր իշխանությունների դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կարող ունենալ։ Մենք ասել եւ ասում ենք, որ գլխավոր հարցը կարգավիճակի հարցն է։ Առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության խնդիրը չի կարող վերջնական լուծում ունենալ, իսկ խնդրի վերջնական լուծման մենք կարող ենք հասնել այն ժամանակ, երբ որ միջազգայնորեն ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մնացած հարցերը՝ փախստականների հարցը, կամ այս, կամ այն հարցը՝ ածանցյալ են», - ընդգծել իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը:

Մինչդեռ, Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոպիտ սխալ եւ վրիպում որակեց այն հանգամանքը, որ հայկական կողմը համաձայնել է Ղարաբաղի հարակից շրջաններում անցկացնել Դաշտային առաքելություն` չունենալով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում նմանատիպ առաքելություն իրականացնելու համաձայնություն:

«Կարծում եմ Հայաստանը պետք է պահանջեր, որ նույնն էլ տեղի ունենա Ադրբեջանում», - նշեց Մարգարյանը` հավելելով. - «Այլապես, կարծում եմ, որ այդ առաքելությունը ըստ էության չի կարող փոխել ստեղծած կացությունը: Էական չեմ համարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG