Մատչելիության հղումներ

Վեհափառը միջնորդում է վերադարձնել զոհված ադրբեջանցու դին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, քննարկման արդյունքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»:

«Մարմինը վերադարձնելու հարցում միջնորդելու խնդրանքով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինին էր դիմել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեն: Խնդրանքը սեպտեմբերի սկզբին Կիրիլ առաջինը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս առիթով Վեհափառ հայրապետը հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին եւ քննարկման արդյունքների մասին տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վահրամ քահանա Մելիքյանը:

Ըստ Վահրամ քահանայի` Գարեգին երկրորդը տեղեկացրել է, որ հայկական կողմը մշտապես բարյացկամ է գտնվել եւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձը ադրբեջանական կողմին, «սակայն Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլեւ հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

«Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը միջնորդում է վերադարձնել Իբրահիմովի դին», - այս հարցին Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց. - «Այո»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն չունեն:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ տարակուսանք հայտնեց. - «Ես չգիտեմ, թե ինչու են հայկական կողմին դիմում»: «Մենք սովորաբար միշտ վերադարձնում ենք` լինի դիակ, լինի գերի ընկած զինծառայող: Բայց այդ անձնավորությունը զոհվել է չեզոք գոտում, հասկանո՞ւմ եք, խնդիրը սա է: Եթե ադրբեջանցիները ուզում են իրոք նրա դիակը վերցնել, պետք է համապատասխան դիմում լինի, գնան այդ չեզոք գոտին ու դուրս բերեն: Իսկ հատուկ մեր զորքերը ինչո՞ւ պետք է գնան չեզոք գոտում փնտրեն ադրբեջանցու դիակը ու վերադարձնեն նրանց` մի քիչ տրամաբանական չէ, էլի: Եվ մեզ մեղադրում են այդ դիակի պահման գործում, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը», - հայտարարեց Բաբայանը:

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցով «իշխանությունների հետ կոնֆիդենցյալ երկխոսությունը շարունակվում է»:

Օգոստոսի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդը խնդրել էր Համայն Ռուսիո պատրիարքին միջնորդել, որպեսզի հայկական կողմը վերադարձնի Իբրահիմովի դին:

«Ես իմ կողմից կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց ինչպես հայտնի է` մի կողմի միջամտությամբ այդ խնդիրը չի կարող լուծվել», - հանդիպումից հետո հայտարարել էր Կիրիլ պատրիարքը:

Մուբարիզ Իբրահիմովին Ադրբեջանում հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհվել:
XS
SM
MD
LG