Մատչելիության հղումներ

Սկանդալային բացահայտումներ Բոբ Վուդվորդի նոր գրքում


Ամերիկացի եւ աֆղանստանցի զինծառայողների համատեղ պարեկությունը Աֆղանստանի Քանդահար նահանգում, օգոստոս, 2010թ.

Ամերիկացի եւ աֆղանստանցի զինծառայողների համատեղ պարեկությունը Աֆղանստանի Քանդահար նահանգում, օգոստոս, 2010թ.

«Օբամայի պատերազմները» այսպես է կոչվում հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի նոր` թվով 16-րդ գիրքը, որ վաճառքի է հանվում երկուշաբթի օրը:

Գիրքը պատմում է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի եւ իր վարչակազմի բարդ հարաբերությունների, Աֆղանստանում պատերազմի վերաբերյալ Պենտագոնի հետ նրա տարաձայնությունների մասին, սկանդալային բացահայտումներ անում բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունների եւ պատերազմին վերաբերող գաղտնի նյութերի վերաբերյալ:

Բոբ Վուդվորդը Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ լրագրողներից է, հայտնի է աղմկոտ լրագրողական հետաքննություններով, որոնցից ամենահայտնին Ուոթերգեյթյան սկանդալն է. 70-ականների կեսերին Վուդվորդի եւ նրա գործընկերոջ` Կարլ Բերնսթեինի հրապարակումները նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի պատճառ դարձան:

«Օբամայի պատերազմները» գրքի մի քանի հատվածների հրապարակումը The Washington Post-ում եւ The New York Times-ում արդեն իսկ լայն քննարկումներ է առաջացրել մամուլում:

Ամենից շատ քննարկվողը թերեւս սկանդալային այն բացահայտումն է, որ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչոությունը 2002 թվականին ստեղծել է 3000-հոգանոց աֆղանստանցի զինվորների հատուկ գաղտնի ջոկատ` «Թալիբան» շարժման եւ «Ալ Ղաիդա»-ի դեմ պայքարելու համար, ընդ որում` այդ ջոկատը գործել է ոչ միայն Աֆղանստանում, այլ նաեւ գաղտնի գործողություններ է իրականացրել Պակիստանի տարածքում: Սա արդեն այնպիսի բացահայտում է, որ կարող է բարդացնել պաշտոնական Վաշինգտոնի եւ Իսլամաբադի դիվանագիտական հարաբերությունները, «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության հետ զրույցում ասել է Քաբուլի համալսարանի քաղաքական վերլուծաբան Նուսրալա Սթանեքզայը:

«Ես չեմ կարծում, որ աֆղանական կառավարությունը համաձայնած լիներ Պակիստանի տարածքում ռազմական ուժի գործողություններին, սակայն եկեք սպասենք եւ տեսնենք` որն է իրականությունը: Եթե որեւէ նման ռազմական ջոկատ գոյություն ունի, ես համոզված եմ` Պակիստանի արձագանքը բացասական կլինի», - ընդգծել է նա:

Սկանդալային հրապարակումները գրքում շատ են. Բոբ Վուդվորդը ցույց է տալիս, օրինակ, Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ բավական լարված հարաբերությունները` մեջբերելով, մասնավորապես, փոխնախագահ Ջո Բայդենի կողմից Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի հասցեին արված արտահայտությունները, ում Բայդենը որակել է որպես իր ճանաչած «ամենաէգոիստ սրիկան»:

Կամ` Վուդվորդը գրում է, որ 201 0 թվականի մայիսին տեղի ունեցած զորավարժությունները ցույց են տվել, թե ԱՄՆ-ի ղեկավարությունը պատրաստ չէ ահաբեկչական միջուկային հարձակման:

Վուդվորդը անդրադարձել է նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային` գրելով, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այս հայտարարությունը արդեն իսկ Սպիտակ տան բացասական արձագանքին է արժանացել:

Վուդվորդը, որ արդեն գրել է Միացյալ Նահանգների 11 նախագահների մասին, իր այս գրքում Բարաք Օբամային ներկայացնում է որպես մի նախագահ, ով աֆղանական հարցի շուրջ մշտապես լուրջ հակամարտության մեջ է զինվորական վերնախավի, հատկապես` Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայք Մալենի եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի ղեկավար գեներալ Դեյվիդ Փեթրեուսի հետ, եւ ապարդյուն պահանջում է նրանցից Աֆղանստանում պատերազմն ավարտելու եւ զորքերը դուրս բերելու ծրագրեր:

Այս գրքի վրա Վուդվորդն աշխատել է 18 ամիս, բացառիկ հարցազրույցներ է ունեցել Օբամայի եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ օգտվել է ԱՄՆ-ի նախագահի, նրա կաբինետի անդամների, խորհրդականների եւ հետախուզության ղեկավարների միջեւ ավելի քան 20 գաղտնի խորհրդակցությունների եւ մոտ 40 մասնավոր զրույցների նյութերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG