Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունները, հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները եւ ռազմական բյուջեի աննախադեպ աճը սրում են իրավիճակը տարածաշրջանում` մեծացնելով մտահոգությունները Կովկասի՝ արդեն իսկ փխրուն կայունության շուրջ», - շաբաթ ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնության գալու եւ հրադադարի ռեժիմը ամրապնդելու մասին առաջարկները եւ դրանով իսկ՝ սպառնում տարածաշրջանային խաղաղությանը», - պնդել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Վերջինս մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ազգերի ինքնորոշումն ու ուժի չկիրառումը մերժելու եւ բանակցային գորընթացը գլխիվայր շուռ տալու մեջ:

«Նավթային եկամուտներից ստացվող գումարները ուղղվում են ռազմական նոր ավանատյուրաների ֆինանսավորմանը, բոլորս էլ գիտենք նման արկածախնդրության հետեւանքները», - հայտարարել է Նալբանդյանը եւ ընդգծել. - «Ադրբեջանը պետք է զերծ մնա կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից ու շրջանակներից տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ գործողություններից ու ռազմատենչ հայտարարություններից, որպեսզի բանակցային գործընթացը կարողանա առաջ ընթանալ առավել կառուցողական եւ արդյունավետ ճանապարհով»:

Նալբանդյանը հիշատակել է նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ հուլիսին ընդունած որոշումը. «այն եւս մեկ անգամ ընդգծեց, որ աշխարհում խաղաղության եւ կայունության ապահովման հիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որեւէ կերպ չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ նորմերի», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն ու հավելել. - «Եկեք իրատես լինենք: Որեւէ մեկը չի կարող մեկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման վերջին դեպքն է: Որեւէ մեկը չի կարող կանգնեցնել պատմության առաջընթացը. հակառակ դեպքում ՄԱԿ-ն այսօր 192 անդամ-պետություն չէր ունենա՝ հիմնադրման պահին առկա 51-ի փոխարեն»:

Անդրադառնալով հայ - թուրքական հաշտեցման գործընթացին՝ Նալբանդյանն ասել է. - «Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի»:

Ելույթում Նալբանդյանը շոշափել է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեման, եւ ընդգծել. - «Որպես մարդկության դեմ ամենասարսափելի այդ ոճրագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք չափազանց կարեւորում ենք բոլոր միջազգային ջանքերի առաջխաղացումը` ուղղված ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանը»:
XS
SM
MD
LG