Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ Հանրային հեռուստատեսության ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գագիկ Բունիաթյանը:

Վերջինս, հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ նշանակվել էր Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:

Նոր գործադիր տնօրենին շաբաթ օրը լրագրողներին ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` նշելով, թե Բունիաթյանը «նոր մարդ չէ Հանրայինի համար»:

Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց նաեւ մանրամասներ անցկացված մրցույթից. - «Երեկ հանձնաժողովը առանձին զրույցներ ունեցավ բոլոր թեկնածուների հետ: Թեկնածուներից մեկը ինքնաբացարկ հայտնեց: Երեկ հանձնաժողովը որոշում կայացրեց, որ մրցույթի հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին: Այսօր առավոտյան եղավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստը, եւ խորհուրդը մրցույթում հաղթած Գագիկ Բունիաթյանին միաձայն նշանակեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն»:

Գագիկ Բունիաթյանը ժամանակին ստեղծել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի հայաստանյան առաջին թիմը, ղեկավարել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Շարմ» թիմը: 1996-99 թվականներին համագործակցել է Ազգային հեռուստատեսության հետ, այնուհետեւ ղեկավարել է «Հայ TV» հեռուստաընկերությունը:

Հարցին, թե որն է լինելու իր աշխատանքի բանաձեւը եւ կադրային շատ փոփոխություններ է անելու, Հանրայինի նորանշանակ տնօրեն Գագիկ Բունիաթյանը պատասխանեց. - «Հեղափոխական փոփոխություններ ես չեմ ակնկալում: Այն, ինչ որ արվում է, այդ ընդհանուր քաղաքականությունը, իհարկե, կմնա: Ես էլ իմ նոր նախագծերով, նոր մտքերով կփորձեմ այդ ամեն ինչը շարունակել»:

Ինչ վերաբերում է հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնին համար հայտ ներկայացրած մյուս թեկնածուներին, ապա նրանցից մեկը ինքնաբացարկ հայտարարած Վիտալի Ավանեսովն է, ով երկար տարիներ աշխատել է Հանրայինում: Մյուս թեկնածուները Լեզվի տեսչության նախկին պետ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանն ու «Ներուժ» հասարակական կազմակերպության հիմնադիր Ժասմեն Ղեւոնդյանն էին:

Արմեն Ամիրյանը, ով մինչեւ Գագիկ Բունիաթյանի նշանակումը հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնակատարն էր եւ միաժամանակ հանրային ռադիոյի տնօրենը, այսուհետ կշարունակի ղեկավարել միայն հանրային ռադիոն:
XS
SM
MD
LG