Մատչելիության հղումներ

«Երեւան - Բաքու» մշակութային դիվանագիտություն


ԱՊՀ-ի երիտասարդական նվագախմբի համերգը Երեւանում: 24-ը սեպտեմբերի, 2010թ.

ԱՊՀ-ի երիտասարդական նվագախմբի համերգը Երեւանում: 24-ը սեպտեմբերի, 2010թ.

ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, ուրբաթ օրը համերգով հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Երեք տարի առաջ ստեղծված նվագախմբի հետ, որը երեւանյան համերգից առաջ հանդես է եկել Բաքվում, Հայաստան են ժամանել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության խորհրդի տնօրեն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ Մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը: Նրանք նույնպես ներկա են եղել համերգին:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեւան, 24-ը սեպտեմբերի, 2010թ.


Համերգը մաս է կազմում նվագախմբի` ԱՊՀ երկրներում այս տարվա մայիսից մեկնարկած հյուրախաղերի: Նվագախումբը Երեւան է ժամանել Բաքվից, հաջորդ համերգը կկայանա Ուկրաինայի մայրաքաղաքում:

Երիտասարդական այս նվագախումբը ստեղծվել է մեկ նպատակով` վարելու յուրօրինակ «մշակութային քաղաքականություն»` համախմբելով տարբեր երկրների եւ ազգերի ներկայացուցիչների, ցույց տալու, որ արվեստի ու արվեստագետների միջոցով շատ ավելիին կարելի է հասնել, քան քաղաքականության:

Բացելով համերգը` Շվիդկոյը ասաց. - «Այսօր դուք ոչ միայն երաժշտություն կլսեք, այլեւ կլսեք այն երիտասարդների սրտի աշխատանքը, որոնք աշխարհ են եկել բոլոր այն հակամարտություններից հետո, որ ստեղծել ենք մենք` ավագներս: Այս երեխաները աշխարհ են եկել` օգնելու մեզ, որ լուծենք հակամարտությունները»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Միխայիլ Շվիդկոյը նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մշակույթի նախկին նախարարները ամենեւին չէին գերագնահատում իրենց հնարավորությունները, երբ 2007 թվականին նախաձեռնում էին հայ-ադրբեջանական մշակութային երկխոսությունը:

«Մենք հասկանում էինք, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված քաղաքական որոշում կայացնողը նախագահներն են: Միաժամանակ, կարելի է կայացնել ճիշտ քաղաքական որոշումներ, որոնք, սակայն, ամողջական ծավալով չեն իրականացվի` եթե չստանան հասարակությունների աջակցությունը», - ասաց նա` շարունակելով. - «Երբ Սերժ Սարգսյանը սկսեց շրջագայությունը Սփյուռքի համայնքներով` բացատրելու Հաայստանի ղեկավարության դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ, հիշում եք, անկասկած, որքան սուր կերպով դա ընկալվեց Սփյուռքում եւ Հայաստանում: Ցանկացած քաղաքական որոշում, նույնիսկ ամենալավն ու ճիշտը, կպահանջի հասարակության արձագանքը»:

Հարցին, թե ինչու են մշակույթի գործիչները որոշել զբաղվել քաղաքականությամբ, Շվիդկոյը արձագանքեց.- «Մենք այդպիսի զգացողություն ունենք, ի տարբերություն քաղաքական գործիչների, որոնք առաջնորդվում են պրագմատիկ շահերով: Իսկ մեզ համար դա զգացողություն է, հոգեկան պահանջմունք»:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբի ներկա համերգաշարին, ապա, ըստ Միխայիլ Շվիդկոյի. - «Որքան էլ դա տխուր հնչի, տվյալ դեպքում մենք հանդես ենք գալիս որպես անվտանգության երաշխավորներ նվագախմբում ընդգրկված երեխաների համար, քանի որ վերջին քառորդ դարում առաջին անգամ հայ երեխաները նվագում էին Բաքվի ֆիլհարմոնիայում, իսկ ադրբեջանցի երեխաները այսօր հանդես են գալու Երեւանում: Բայց սա ավելի շուտ հոգեբանական պահ է, քանի որ ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում գործ ունենք շատ բարյացակամ մարդկանց հետ»:

Ըստ Շվիդկոյի, հասկանալի է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կան մարդիկ, ում համար խաղաղ կարգավորումը պարունակում է դավաճանության տարրեր, ովքեր փոխզիջումը համարում են պարտություն:

«Մենք համարում ենք, որ փոխզիջումը հաղթանակ է, եւ այս պայմաններում, երբ ամեն ինչ սրված է եւ պայթյունավտանգ, այն դառնում է բարձրագույն արժեք, քանի որ փոխզիջումը նշանակում է կյանք», - ասաց նա:

Միխայիլ Շվիդկոյի փոխանցմամբ, իրենք մտադիր են մի շարք մշակութային ձեւաչափերում ընդգրկել հայ-արդբեջանական բաղկացուցիչը, ինչի համար կպահանջվի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքը. - «Այս շրջագայության փորձը ցույց տվեց, որ մարդասիրական առումով այդ բարի կամքը առկա է: Նախագահների համար շատ դժվար է վերջնական քաղաքական որոշում կայացնել, սակայն, կարծում եմ, կա գիտակցում, որ հասարակությունների միջեւ երկխոսություն է անհրաժեշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG