Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից դիմում է Աբխազիային ու Հարավային Օսիային


Միխեիլ Սահակաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2010թ.
Միխեիլ Սահակաշվիլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2010թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից Աբխազիային ու Հարավային Օսիային Վրաստանի հետ միասնականության կոչ է արել:

Վրաստանի նախագահը իր ելույթում հավաստիացրել է Աբխազիային ու Հարավային Օսիային, որ Վրաստանը ցանկանում է հակամարտությունները կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, եւ հայտարարել է, որ կպաշտպանեն նրանց իրավունքները, մշակույթը, պատմությունը։

«Ռուսական կայսրության բռնակցմանը ենթարկվելու փոխարեն, մենք առաջարկում ենք միասին ստեղծել բազմամշակութային, բազմազգ հանրություն, որն ամբողջ տարածաշրջանում հանդուրժողականության եւ հարգանքի օրինակ կլինի», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին։

Նա կոչ է արել Նիկարագուային, Վենեսուելային ու Նաուրու պետությանը` վերանայել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու իրենց որոշումները։

Սահակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին` ասելով, թե երկու տարի առաջ Ռուսաստանը խոշորամասշտաբ ներխուժում է կատարել Վրաստան, անօրինական օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, էթնիկ զտումներ է իրականացրել Վրաստանի տարածքում։

Սահակաշվիլին ասել է, թե Ռուսաստանի նպատակն էր վերացնել Վրաստանի «քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների լաբորատորիան» ու կանխել տարածաշրջանային փոփոխությունները։

Բայց, նշել է նա, Ռուսաստանը չհասավ իր նպատակներին, բարեփոխումները անշրջելի են։

Իր ելույթում ասելով, թե ցանկանում է Ռուսաստանին տեսնել ոչ թե թշնամի, այլ գործընկեր, Սահակաշվիլին Ռուսաստանին կոչ է արել մասնակցել Կովկասում կատարվող վերափոխումներին, ասելով, թե հակառակ դեպքում դրանք կկատարվեն առանց Ռուսաստանի մասնակցության։

Նա ասել է, որ Կովկասյան տարածաշրջանը վաղուց տառապում է մասնատվածության, անարդարությունների, հակամարտությունների, գաղութացման ու բռնությունների պատճառով։

«Ես եկել եմ այստեղ հայտարարելու, որ այդ ժամանակները անցել են ու բացվում է միասնականության ու խաղաղության ճանապարհը», - ասել է Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահը խորը համոզմունք է հայտնել, որ ընդհանուր շուկան, ընդհանուր շահերը, քաղաքական, տնտեսական համագործակցությունը մի օր կդնի միասնական Կովկասի հիմքը։

Սահակաշվիլիի պատկերացմամբ` չկա Հյուսիսային Կովկաս, չկա Հարավային Կովկաս, այլ կա մեկ միասնական Կովկաս, որը պատկանում է համաշխարհային մշակույթին ու Եվրոպային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG