Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դատական հայց է նախապատրաստում


Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը 2008 թվականի մարտի 1-ին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ` պահանջելով ճանաչել տուժած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը:

Սեպտեմբերի 18-ից հավաքագրվում են քաղաքացիների դիմումները, որոնք պետք է ներառվեն վարչական դատարան ներկայացվելիք մեկ ամբողջական հայցադիմումում:

Կոնգրեսի հավաստմամբ, 2008 թվականի մարտի 1-ից հետո հարյուրավոր քաղաքացիներ են իրենց դիմել` խախտված իրավունքների վերականգնման խնդրանքով, բայց քանի որ բողոքները մեկ առ մեկ անհնար չէ վիճարկել դատական կարգով, ընդդիմությունը որոշել է միավորել դրանք:

Ընդդիմության պատասխանատուների ձեւակերպմամբ, մարտի 1-ին ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժային կառույցների կողմից խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու հետեւանքով խախտվել են քաղաքացիների կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, հավաքների ազատության եւ բազմաթիվ այլ իրավունքներ:

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական է, որ զինված ուժերը ապօրինի կերպով ներգրավվել են այս իրադարձություններում` չնայած Սահմանադրությունն ու «Պաշտպանության մասին» օրենքի համապատասխան դրույթներն արգելում են բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հանրապետության ո՞ր նախագահի գործողություններն են վիճարկելու դատարանում` արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրած Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուներից Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Մենք խոսում ենք այս պահին ինստիտուտի մասին: Որ այդ բոլոր գործողությունները իրականացվել են նախագահական ինստիտուտից իջեցված հրամաններով: Առանց անձնավորելու»:

Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ հայցը վերաբերում է նաեւ քաղաքական իրադարձությունների հետեւանքով ազատազրկվածներին ու դեպքերի ժամանակ հրազենից վիրավորվածներին:

Վարչական դատարանում մերժում ստանալու դեպքում Կոնգրեսը մտադիր է դիմել վճռաբեկ, ապա` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ազգային ժողովի փոխնախագահ, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին հանձնաժողովը գլխավորած Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք համամիտ է այն պնդումներին, որ մարտի 1-ի իրադարձություններում ուժային կառույցների գործողությունների հետեւանքով խախտվել են քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, պատասխանեց, թե իր տեսակետը ամրագրված է հանձնաժողովի անցած տարվա սեպտեմբերին հրապարակած եզրակացության մեջ:

Զեկույցը, հիշեցնենք, դատապարտել էր ոստիկանության որոշ աշխատակիցների արարքները, ոստիկանության գործողությունները գնահատելով ընդհանուր առմամբ իրավաչափ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG