Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կառավարությունը որպես մարդասիրական օգնություն Հայաստանին է տրամադրվում 5000 տոննա պարենային ցորեն եւ 1000 տոննա զտված արեւածաղկի ձեթ:

Հայաստանում օգնությունն ընդունում է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունը:

Կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ 9 վագոն ձեթը` ավելի քան 407 տոննա, արդեն Հայաստանում է:

«Ձեթի մյուս մասը կներմուծվի մյուս շաբաթվա ընթացքում: Որից հետո կսկսվեն ցորենի տեղափոխման աշխատանքները: Հումանիտար օգնության տեղափոխման, բեռնաթափման եւ պահեստավորման համար անհրաժեշտ է 12.28 միլիոն դրամի ծախս», - հայտարարեց նախարարը:

Այս տարվա օգոստոսին, հիշեցնենք, Ռուսաստանն արգելեց ցորենի արտահանումը մինչեւ տարեվերջ: Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ երկիրը հարկադրված է գնացել նման քայլի, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով այս տարի Ռուսաստանում ցորենի բերքը մոտ մեկ քառորդով պակաս էր լինելու սպասվածից:

Ռուսաստանի այդ քայլից անմիջապես հետո Հայաստանում ալյուրը, հետեւաբար նաեւ հացը թանկացավ:

Չնայած այդ ամենին, պատկան մարմինները վստահեցնում են, որ Հայաստանում ցորենի եւ ալյուրի ռազմավարական պաշարները համալրված են:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց նաեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումների մասին որոշումը:

«Սա ավելի շուտ տեխնիկական հարց է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց փոխնախարարը: - «Ժամանակի ընթացքում եթե ռուսական կողմը ինչ-որ աշխատանքներ է կատարում, տնօրենների խորհրդի որոշումով իրենց կատարած աշխատանքները կապիտալիզացիա են անում, մտցնում են կանոնադրական կապիտալի մեջ, եւ իրենց մասնաբաժինը ավելանում է: Այստեղ էլ մեր Գյուղատնտեսության նախարարության տարբեր ԾԻԳ-եր չորս տարբեր ծրագրերով 2008-10 թվականներին աշխատանքներ են կատարել ամբողջ Հայաստանի բոլոր մարզերում: Մի շարք համայնքներում 76 գազատրանսպորտային գազաբաշխիչ համակարգեր են կառուցել: Իրենց ներկայացրած արժեքը` 5.6 միլիարդ դրամ»:

Գործող օրենքով, Շահվերդյանի փոխանցմամբ, կատարված աշխատանքների գումարային արտահայտությունը ենթակա է վերագնահատման (անկախ գնահատողի կողմից):

«Հայռուսգազարդ» ընկերության խոսնակ Շուշան Սարդարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այդ կապակցությամբ ասաց հետեւյալը. - «Մասնաբաժնի հարաբերակցության հետ կապված մենք կարող ենք ասել միայն գնահատման արդյունքներից հետո»:

Ինչ վերաբերում է անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի կառավարությունից «Հայռուսգազարդ»-ին տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով տրամադրված 40 միլիոն դոլար վարկին, ապա Շուշան Սարդարյանը ասաց, որ դա իրենց ընկերության վերցրած «ամենաթանկ վարկն է, որը մարվել է ժամկետից շուտ»:

«Այդ գումարները ուղղվել են Հայաստանում գազաֆիկացման եւ այլ ներդրումային ծրագրերին», - հավելեց Սարդարյանը:

Վերադառնալով «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կանոնադրական կապիտալի ավելացմանը` հարկ է նշել, որ 2005-2007 թվականներին հայկական կողմը նմանօրինակ աշխատանքների արդյունքում դարձյալ ավելացվել է ընկերությունում Հայաստանի կանոնադրական կապիտալը: Այսօր այն կազմում է շուրջ 20 տոկոս:
XS
SM
MD
LG