Մատչելիության հղումներ

Բանակում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ցույցերը


Ցուցարարները Կառավարության շենքի մոտ:

Ցուցարարները Կառավարության շենքի մոտ:

Բանակում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են են ամեն շաբաթ Կառավարության նիստի օրը Հանրապետության հրապարակում անցկացնել իրենց բողոքի ցույցերը:

Ցուցարարների համոզմամբ, բանակում տեղի ունեցող հանցագործությունները չեն բացահայտվում կառույցում տիրող «համատարած կոռուպցիայի պատճառով»:

2001 թվականին զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը համոզված է, որ իր որդուն սպանել է գումարտակի հրամանատարը` անձակուրդ տրամադրելու դիմաց 100 դոլար կաշառքը չստանալու պատճառով: Քրեական գործը, սակայն, հարուցվել էր շարքային զինծառայողի կողմից անզգույշ սպանության հոդվածով, իսկ գործը, շուրջ 8 տարվա քննությունից հետո` կասեցվել:

«Մեկ տարի Վայքում ծառայելուց հետո արձակուրդ եկավ տղաս: Արձակուրդը տվել էին 100 դոլարի պայմանով: Եվ երկու լիտր օղի: Ես հարյուր դոլարը չկարողացա ուղարկել, որովհետեւ գիտաշխատող էի եւ երեք տարի աշխատավարձ այդպես էլ չստացա: Արձակուրդից վերադարձի երրորդ օրը տղայիս սպանել են ատրճանակի կրակոցով», - պատմեց Մկրտչյանը:

Նրա համոզմամբ, իր որդին զոհ է գնացել կոռուպցիային. - «Իմ ներքին համոզմունքն այն է, որ նրանք օգտվում են բանակի «ջրառատ աղբյուրից»: Այդպիսի գործերը բացահայտելիս` այդ աղբյուրը փակվում է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել…Ի՞նչ առավելություն ունի այդ մարդը: Թող դատեն, թող դատեն` մենք հանգստանանք վերջապես: Ինը տարի նա հանգիստ մտածի, որ սպանեցի ու մարսեցի՞»:

Իր 19-ամյա որդու մահվան պաշտոնական վարկածին չի հավատում նաեւ Թումաս Հայրապետյանը: Նրա համոզմամբ, 2008 թվականին մահացած որդու մարմնի վնասվածքները փաստում են, որ մահվանից առաջ ծեծկռտուք է եղել:

«Իրենց փաստերը սա են` սնայպերով 150 մետրից կրակած է, եւ գնդակը մնացել է սրտի մեջ: Իսկ այդպիսի բան չի լինում… Գիտեմ, որ տեղի է ունեցել կռիվ ու սպանություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թումաս Հայրապետյանը:

Նրա համոզմամբ, հարկավոր է, որ զավակներին կորցրած բոլոր ծնողները մասնակցեն նման բողոքի ցույցերին. - «Նայեք, ինչքան սպանություններ եղան: Լռել են, սսկվել են, նստել են… Եթե այստեղ հազար հոգի զոհված զինվորի ծնող լինեին, նո՞ւյնը կլիներ վիճակը: Նույն չէր լինի»:

XS
SM
MD
LG