Մատչելիության հղումներ

Անվստահություն` Բորիս Նավասարդյանին


Բորիս Նավասարդյանը ասուլիսի ժամանակ, Երեւան, 8-ը սեպտեմբերի, 2010թ.

Բորիս Նավասարդյանը ասուլիսի ժամանակ, Երեւան, 8-ը սեպտեմբերի, 2010թ.

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը նիստ է հրավիրել եւ որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:

«Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվեց Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի գործելաոճը, որի վերաբերյալ որոշվեց անվստահություն հայտնել վերջինիս` հիմք ընդունելով հետեւյալ պատճառները. Էթիկայի կանոնների խախտում, իրավասությունների գերազանցում, ապատեղեկատվության տարածում, հաշվետվողականության սկզբունքների խախտում», - ասված է հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում:

Որոշվել է նաեւ ժամանակավորապես ստեղծել Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոն եւ համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար ընտրել համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին:

Ազգային պլատֆորմի կազմից դուրս է եկել նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Այս ծրագրով Հայաստանի հասարակական սեկտորը զգալի դրամաշնորհներ է ստանալու երկրում եվրոպական արժեքներ արմատավորելու համար:

«Կոնֆլիկտը իմ եւ համակարգող խորհրդի մի շարք անդամների միջեւ ծագեց այնտեղից, որ նրանից մի քանիսը չէին ընտրվել Քաղաքացիական հասարակության ֆորումի բեռլինյան հանդիպմանը, որը պետք է կայանա նոյեմբերին, եւ այդ կոնֆլիկտը, ի վերջո, մի շարք վեճերից հետո, որպես արդյունք` ստացավ իմ հրաժարականը համակարգող խորհրդի անդամությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը, ով ներկայումս բացակայում է Հայաստանից:

«Բոլոր մեղադրանքները ես համարում եմ անհիմն եւ համապատասխան հայտարարությամբ Երեւան վերադառնալուս պես հանդես կգամ», - նշեց նա` հավելելով. - «Ցավոք, կան մարդիկ, որոնք համարում են, որ այդպիսի ճանապարհներով կարող են հարցեր լուծել եւ գնալ տարբեր ֆորումների` առանց բավարար հիմքեր ունենալու` իրենց այդ անփոխարինելությունը գիտակցելու»:

Հարցին, մասնակցե՞լ է արդյոք համակարգող խորհրդի տվյալ նիստին եւ իր փաստարկները ներկայացրե՞լ է, Նավասարդյանը արձագանքեց. - «Մինչ այդ ես ներկայացրել էի համակարգող խորհրդին ամբողջ գործընթացը` ինչպես էին ընտրվում ֆորումի հանդիպման մասնակիցները, եւ ինձ թվում է` 100 տոկոս համոզիչ եւ սպառիչ էր իմ բացատրությունը: Այնուհետեւ, երբ համակարգող խորհրդի նիստի համար առաջարկվեց օրակարգ` գործելաոճի քննարկում, էթիկայի խախտում եւ այլն, ես չշարունակեցի մասնակցել այդ կարգի քննարկումներին, քանի որ գտնում եմ, որ այդպես նաեւ խախտել է համակարգող խորհուրդը իր իրավասությունները»:

«Ազգային համակարգողը ֆորմալ առումով հաշվետու չէ Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի», - պարզաբանեց Բորիս Նավասարդյանը եւ հավելեց. - «Դա բոլորը գիտակցում են, բայց, ցավոք, շարունակում էին պնդել, որ այդ կարգի քննարկում պետք է լինի»:

«Ես, իհարկե, պարտավոր եմ ամբողջ տեղեկությունները տալ` ինչպես է անցել ընտրությունը, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, առավել եւս` Ազգային պլատֆորմին եւ իր համակարգող խորհրդին, եւ այդ բացատրությունը ես տվել եմ: Բայց հաշվետու լինել` ֆորմալ առումով, ես չեմ կարող, եւ դա համակարգող խորհրդի լիազորությունների կոպիտ խախտում է եւ գերազանցում», - ասաց նա` համոզմունք հայտնելով, որ այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արեւելյան գործընկերության ծրագրի վրա:

«Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելը կապված է բեռլինյան ֆորումին մասնակցող կազմակերպությունների ընտրության հետ:

«Հիմնական պատճառը եղել է այն, որ լինելով Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչը ընդհանուր եվրոպական քաղաքացիական հասարակության ֆորումում` Բորիս Նավասարդյանը չկարողացավ ներկայացնել մեր դիրքորոշումները», - ասաց Ենգիբարյանը եւ մանրամասնեց. - «Համակարգող խորհրդի կազմից մի քանի կազմակերպություններ դուրս են մնացել այդ ամբողջ պրոցեսից` այդ թվում նաեւ մեր կազմակերպությունը, նաեւ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը, նաեւ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը. այն երեք հիմնական կազմակերպությունները, որոնք Հայաստանում մշտապես զբաղվել են եվրոպական ինտեգրացիայով, դուրս են մնացել այդ պրոցեսից»:

XS
SM
MD
LG