Մատչելիության հղումներ

Իրաքը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում


Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպելով իր իրաքցի գործընկեր Հոշյար Զեբարիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Իրաքի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասել է, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում:

Հոշյար Զեբարին ներկայացրել է Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:

Իրաքում Հայաստանի դեսպանությունը վերաբացվել է սեպտեմբերի սկզբին: Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 6-ի հրամանագրով Իրաքում Հայաստանի դեսպան է նշանակվել մոսկովյան ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG