Մատչելիության հղումներ

Ալիեւը լարվածությունը սրելու մեջ մեղադրում է Հայաստանին


Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, 23-ը սեպտեմբերի, 2010թ.

Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, 23-ը սեպտեմբերի, 2010թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում հինգշաբթի օրը ունեցած ելույթում անմիջապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին` ասելով, որ այդ շարունակվող հակամարտությունը սպառնում է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը:

Հակամարտության արդյունքում, Ալիեւի խոսքերով, Ադրբեջանը զրկվել է իր տարածքի մեկ հինգերորդից, իսկ 9 բնակիչներից 1-ը դարձել է ներքին տեղահանված կամ փախստական:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «միջազգայնորեն ճանաչված փաստ է այն, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում Ադրբեջանի տարածքները գրավելու եւ հակամարտության ընթացքում հանցագործություններ կատարելու, այդ թվում էթնիկ զտումների միջոցով գրավված տարածքներում մոնոէթնիկ մշակույթ ստեղծելու համար»:

Ադրբեջանի նախագահը ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունած 4 բանաձեւերով ամբողջությամբ եւ անվերապահորեն աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանից պահանջել է դուրս հանել զորքը գրավված բոլոր տարածքներից»: Ալիեւի հավաստիացմամբ` ՄԱԿ-ից զատ, նմանօրինակ դիրքորոշում են ցուցաբերել ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, Իսլամական համագումարի կազմակերպությունը:

Ալիեւը հայտարարել է, թե «օր առաջ լուծում որոնելու փոխարեն Հայաստանը նախընտրել է լարվածությունը սրելու ուղին, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»: Նրա խոսքերով` «Հայաստանը գրավված տարածքներում գործադրած քայլերով փորձում է ամրագրել ստատուս քվոն, բնակեցնում է այդ տարածքները եւ այնտեղ ոչնչացնում է ադրբեջանական պատմական եւ մշակութային արժեքները եւ սրբավայրերը»:

Իլհամ Ալիեւը ներկայացրել է հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի ուղին` կոնկրետ ժամկետում հայկական զորքի դուրսբերում, կոմունիկացիաների վերականգնում, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձ, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահների տեղակայում, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ:

«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ադրբեջանի Հանրապետության կազմում որոշելու համար», - հայտարարել է Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG