Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 24-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. -«Անցած տարվա սեպտեմբերի 1-ին լոլիկի կիլոգրամը արժեր 50 դրամ, այս տարվա նույն օրը` 100 դրամ: Դա այն ապրանքն է, որը Ռուսաստանից չի ներմուծվում, եւ դրա գինը առայժմ ռուսները չեն հաստատում: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վերջերս Դիլիջանում Համաշխարհային բանկի մասնագետները բարձր գնահատեցին մեր կառավարության հերոսական ջանքերը` մեր տնտեսական կյանքը «բարեշրջելու» ուղղությամբ: Ճիշտն ասած, ես այդ տեղեկատվությանը հավատում եմ: Բայց այն մարդկանց համար, որոնց գրպանի տեսանկյունից 50 եւ 100 դրամի միջեւ տարբերությունն էական է (իսկ այդպիսի քաղաքացիները Հայաստանում մեծամասնություն են կազմում), այդ «գիտական» խոսակցությունները որեւէ նշանակություն չունեն: Նրանք երկու ձեռքով կողմ կլինեին, որ միջազգային փորձագետները վերջին բառերով հայհոյեին մեր կառավարությանը, բայց իրենց կյանքը օրեցօր չդժվարանար»:

Ազգային ժողովի Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Կոնկրետ Հայաստանին առնչվող որեւէ խնդիր՝ ո՜չ ուղղակի, ո՜չ անուղղակի, այս օրակարգում ներառված չէ: Միակ բացառությունը հոկտեմբերի 5-ին մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նախատեսված քննարկումն է, որի օրակարգում, ինչպես գիտեք, ներառված է Եվրախորհրդի առջեւ մեր ստանձնած պարտավորությունների, բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ Բնականաբար մեր պատվիրակության անդամները, որոնք ներկայացված են մոնիտորինգի հանձնախմբում կներկայացնեն Հայաստանի դիրքորոշումը։ Գիտեք, որ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, որը կներկայացնի արտախորհրդարական ընդդիմության այդ հատվածի տեսակետը։ Իհարկե, կլինեն մոնիտորինգի խմբի համազեկուցողները։ յդ թվում՝ Լինդբլադը»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նույն խնդրի կապակցությամբ «Ժամանակ»-ին ասում է. - «Մենք որեւէ արմատական ակնկալիք չունենք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից, մեր նպատակն է իրազեկել միջազգային հանրությանը` Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, իրազեկել այն մասին, որ դեռեւս 13 քաղբանտարկյալներ մինչեւ հիմա շարունակում են մնալ բանտերում, եւ դրա համար նաեւ պատասխանատվություն է կրում ԵԽ-ն, որ նորից սահմանափակված է հայ ժողովրդի Ազատության հրապարակում ցույցեր անցկացնելու իրավունքը, որ Հայաստանում չի գործում եւ ոչ մի անկախ հեռուստատեսություն, որ կեղծված ընտրությունների պատճառով Հայաստանում գոյություն ունի խորը քաղաքական ճգնաժամ, որի միակ լուծումը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Սա է ամենաառաջին պարտականությունը, որը պետք է կատարի Արման Գրիգորյանը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում»:

Հրապարակախոս, Հայ ազգային կոնգրեսի համակիր Տիգրան Պասկեւիչյանին «Կապիտալ»-ի թղթակիցը հարցնում է. - «Ըստ Ձեզ՝ Հայաստանում կա արտահերթ ընտրություններ իրականացնելու հի՞մք»։ Պասկեւիչյանը պատասխանում է. - «Արտահերթ ընտրությունների հիմք կա ամեն օր ու ամեն վայրկյան։ Մի երկրում, որտեղ կան տասից ավել քաղբանտարկյալներ, որտեղ չկա հանցագործություն բացահայտելու կամք, որտեղ կամայականորեն մերժվում են զանգվածային միջոցառումներ անցկացնելու հայտերը, որտեղ տարբեր անուններով գործում է զանգվածային լրատվության մեկ միջոց, որտեղ կա ահռելի չափերի հասնող արտագաղթ, որտեղ սպան ստորացնում է իր զինվորներին, իսկ ոստիկանը՝ սպանում կամ ինքնասպանության հասցնում կասկածյալին, այդ երկրում արտահերթ ընտրությունների գաղափարը անդադար սավառնում է օդում»։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հրապարակ»-ում գրում է. - «Հայաստանի ներքաղաքական ներկա իրավիճակը շատ սովորական եմ համարում այն առումով, որ բոլորը սկսում են պատրաստվել ապագա ընտրություններին: Ինչ վերաբերում է վերադասավորումներին կամ ինչ-որ նոր մտահղացումներին, ապա դրանք կարտահայտվեն ավելի ուշ: «Բարգավաճ Հայաստան» - Հայաստանի հանրապետական կուսակցություն գործողություններում, համոզված եմ, որ քանի գնա, լարվածությունը կավելանա` այն պարզ պատճառով, որ երկու քաղաքական ուժերը չեն ուզում մեկը մյուսին զիջել: Եվ երբ էլ նրանք տեսնեն, որ իրենց ադմինիստրատիվ ու ֆինանսական ռեսուրսները հավասար են, ապա պետք է հույսները դնեն, թե կարո՞ղ են արդյոք հրապուրել ընտրողին լուրջ ծրագրով: Սա ապագա ընտրությունների լուրջ առաձնահատկությունն եմ համարում, երբ ընդդիմադիր ուժերը մեծ հնարավորություն կստանան իրենց գլխավոր զենքը օգտագործելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG