Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը հետեւություններ կանի YouTube ցանցում տեղադրված աղմկահարույց տեսանյութից։

Գեներալ Միքայել Հարությունյանը «անընդունելի» համարեց տեսահոլովակում տեղի ունեցածը։ Բջջային հեռախոսով նկարահանված եւ ինտերնետային կայքերում տարածված այդ տեսանյութում մայոր Սասուն Գալստյանը ծեծի եւ ստորացումների է ենթարկում շարքային զինծառայողներին։

«Այդպիսի սպաները իրավունք չունեն տեղ ունենալ բանակում։ Դրա համար պետք է լավ ուսումնասիրվի տեսանյութը, որովհետեւ կան նաեւ սպաներ, որոնք, իհարկե, 90-ականների սկզբին իրենց լավ են ցուցաբերել մարտի դաշտում, բայց հետագայում իրենք այդպիսին են դառել»,- նշեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

Միքայել Հարությունյանը նշեց, որ աշխարհում չկա այնպիսի բանակ, որտեղ չլինեն նմանատիպ դեպքեր, սակայն, նրա համոզմամբ, այդպիսի զինվորականների քանակը հայկական բանակում շատ քիչ է, եւ շուտով բանակը ամբողջովին կմաքրվի այդպիսի մարդկանցից։

«Ես համոզված եմ, որ հրամանատարությունը չի իմացել ինչպիսի սպա է ծառայում այնտեղ։ Եթե իմացել են եւ քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ազատվեն այդպիսի սպայից, իհարկե, նրանք պետք է պատասխան տան», - հավելեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

YouTube ցանցում աղմկահարույց տեսանյութի տարածումից հետո Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. - «Նախարարությունը խստագույն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որեւէ անօրինական բան կա՞ հարբած սպայի կողմից զինվորին ծեծի ենթարկելու փաստը արձանագրելու եւ ինտերնետով տարածելու մեջ, գեներալ Միքայել Հարությունյանը, ով ժամանակին զբաղեցրել է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը, ասաց, թե ինքը դրանում բացասական բան չի տեսնում։

«Ավելի լավ էր, իհարկե, իսկույն զեկուցեին իրենց հրամանատարներին, որ հրամանատարները քայլեր կատարեին, որպեսզի չթույլատրվեր այդպիսի դեպքեր։ Բայց որ տարածվել է այդ տեսանյութը՝ ես ոչինչ դրանում բացասական չեմ տեսնում։ Միգուցե դա ավելի կօգնի, որպեսզի բանակի վերնախավը լավ աշխատի», - կարծիք հայտնեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG