Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները սպառնալիք են տեսնում օրենքի փոփոխություններում


Ազգային ժողովում հինգշաբթի օրը լսումներ անցկացվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների շուրջ: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարում են, թե այդ փոփոխությունները իրականում «մահակ են դառնալու իշխանության համար` անցանկալի կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների դեմ»:

Կառավարության ներկայացրած օրինագիծը լրամշակվում է արդեն 4-րդ անգամ, քանի որ, շուրջ մեկ տարի առաջ շրջանառության մեջ մտնելով, այն պարբերաբար արժանացել է սուր քննադատության:

Հասարակական կազմակերպությունների գնահատմամբ, կառավարությունն այս օրինագծով փորձում է կարգավորել կազմակերպությունների ներքին խնդիրները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտահերթ ժողով հրավիրելու պայմաններին, տարեկան ծախսերի եւ անցկացրած նիստերի մասին հաշվետվություն հրապարակելուն, կազմակերպության գրանցվելու վայրի փոփոխություններին:

«Պետք է հրապարակային լինի հասարակական կազմակերպության գործունեությունը, ուրիշ ոչ մի բան չենք առաջարկում», - հինգշաբթի օրը հրավիրված քննարկմանը հայտարարեց օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հակադարձում են, թե առաջին հայացքից վտանգ չներկայացնող այս օրինագծի ենթատեքստն է մտահոգիչ:

«Մեր եկամուտները, ծախսերը հարկային մարմիններին ներկայացնում ենք, ի՞նչ իմաստ ունի դա այստեղ գրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը` կարծիք հայտնելով, որ իրականում իշխանությունները այլ նպատակ են հետապնդում. - «Ընդամենը լինի մի քանի բան գրված օրենքում, որի համար տեսչությունը կարող է ստուգում սկսել: Ստուգումը կսկսի, իսկ հետո արդեն ինչ կկատարվի` բնականաբար, պարզ է»:

Տեսչության ստեղծումն ու օրենքի փոփոխությունը «համընկել» են


Հիմք ընդունելով Հայաստանի նախագահի հրամանագիրը` կառավարությունը օգոստոսի 5-ին որոշել է արդարադատության նախարարության կազմում ստեղծել տեսչություն, որը պետք է ստուգումներ անցկացնի հասարակական կազմակերպություններում եւ հիմնադրամներում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համոզված է` տեսչությունը մահակ է իշխանություններին ոչ հաճո հասարակական կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու համար:

«Իշխանությունները ձգտում են հասնել քաղաքացիական հասարակության այս ինստիտուտների վերահսկողությանը: Այդտեղ քաղաքական լուրջ խնդիր կա», - վստահեցնում է Մելիքյանը:

Արդարադատության փոխնախարար Գեվորգ Մալխասյանը պնդում է, որ տեսչություն ստեղծելու մասին կառավարության որոշումը եւ օրենսդրական փոփոխությունները իրար հետ որեւէ կապ չունեն` պարզապես ժամանակային առումով դրանք համընկել են:

Մինչդեռ, խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այլ կարծիքի է. - «Կառավարությունը չի խոստովանում իր հետապնդած նպատակները, բայց դրանք տեսանելի են` վախ անկախ հասարակական կազմակերպություններից, քաղաքացիական խմբերից, որոնք այս վերջին տարիների ընթացքում չկոտրվեցին եւ չդարձան իշխանությունների «հաճախորդը» եւ վտանգավոր են ընտրությունների նախօրյակին»:
XS
SM
MD
LG