Մատչելիության հղումներ

Dogma-ի Զառան` Յան Անդերսոնի հատուկ հյուրը Երեւանում


Զառա Գևորգյան

Զառա Գևորգյան

Լեզվաբանական բարձրագույն կրթությամբ, երաժշտական ներքին ձայնով ու արդեն նաեւ մայրական բնազդով` Զառա Գեւորգյանը բեմ կբարձրանա բրիտանական Jethro Tull խմբի մենակատար Յան Անդերսոնի հետ: Հայկական Dogma խմբի երգչուհին, մեծ բեմերի ու գալիք հաջողությունների հեռանկարը մտքում, խոստովանում է, որ ռոքի լեգենդի հետ սեպտեմբերի 24-ին կայանալիք համատեղ համերգը իր կարիերայի ամենակարեւոր իրադարձություններից է լինելու:

Դեռ 2009-ի մայիսին, երբ Երեւանում կայացավ Jethro Tull-ի բացառիկ համերգը, Զառան ներգրավված էր կազամակերպչական աշխատանքներում: Պատմեց, որ Անդերսոնին Dօgma-ի ձայնագրություններ չեն ներկայացրել, քանի որ այդ ժամանակ դեռ ալբոմ չունեին, նաեւ ձայնագրությունները որակյալ չէին: Մինչ նրանք ալբոմ կթողարկեին, Անդերսոնն ինքը ինտերնետում փորփրել էր ու լսելով խմբին` Զառային առաջարկել էր մասնակցել Գերմանիայում նախատեսված իր մենահամերգին: Տեխնիկական պատճառներով` երգչուհին մեկնել չկարողացավ, փոխարենը Անդերսոնն իր ցանկությունն իրականացրեց` ծրագրելով մեկ այլ համերգ հենց Երեւանում` Զառայի մասնակցությամբ:

«Լավագույն մետալ խումբը Մարսի այս կողմում. հիանալի բաս, փայլուն վոկալ, չորացնող կիթառ եւ թնդացող նեյտրոնային հարվածայիններ: Այս խումբը ներկայացնում է գործիքներ, որոնք մասսայական ոչնչացման զենք են», - այսպես է հայկական Dogma խմբին բնութագրել Յան Անդերսոնը Jethro Tull-ի պաշտոնական կայքում:

Երեւանյան համերգի ժամանակ օպերայի բեմում Անդերսոնի հետ կլինեն Jethro Tull-ի երկու երաժիշտները, եւս երկու երիտասարդ երաժիշտներ` կիթառ ու հարվածային գործիքներ, ինչպես նաեւ Հայաստանից «Սերենադ» կամերային նվագախումբը, պետֆիլհարմոնիկի փողային կազմը, եւ իհարկե Dogma-ի Զառան` որպես հատուկ հյուր:

Ավելի քան 4 տասնամյակ առաջ հիմնված Jethro Tull-ի կազմում Յան Անդերսոնը մշտապես հանդես է եկել իր խենթ նորարարություններով, մարդ, ով ֆլեյտան բերեց դեպի ռոք ու նաեւ բացեց լավ երաժշտության սահմանները` իր էքսպերիմենտներում ձուլելով տարբեր ժանրերը: Հայկական նոր ռոքի երիտասարդ, բայց ոչ պակաս խենթ երգչուհին պատրաստ է համարժեք արձագանքել արդեն 63-ամյա երաժշտի նախաձեռնություններին:

XS
SM
MD
LG