Մատչելիության հղումներ

TED-ը Հայաստանում նույնպես «գաղափարներ կտարածի»


Դեռեւս 80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (Technology Entertainment Design) կոչվող ամենամյա կոնֆերանսը կհյուրընկալվի նաեւ Հայաստանում: «Գաղափարներ, որոնք արժե տարածել» կարգախոսով առաջնորդվող TED-ը սեպտեմբերի 25-ին Երեւանում կկայանա «Սահմաններից անդին» խորագրի ներքո:

Հայաստանում ու ողջ Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվող TED կոնֆերանսում ելույթ ունեցողները կներկայացնեն մտքեր, որոնք վերաբերում են ողջ աշխարհին, տեղայնացված չեն որեւէ ազգի կամ տարածքի համար: Զեկուցողները հաշված րոպեների ընթացքում կկիսեն իրենց մտքերը, որոնք առաջադիմական են, ոգեւորող, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում են մարդկանց այլ դիտակետից նայել աշխարհին:

ԱՄՆ-ում գտնվող TED-ի կենտրոնական գրասենյակը թույլ է տալիս նմանատիպ կոնֆերանս-միջոցառում կազմակերպել նաեւ այլ երկրներում, սակայն միայն իրենց արտոնագրով եւ TEDx անվամբ, որտեղ x-ը նշանակում է անկախ կազմակերպված: Հայաստանի համար արտոնագիր ձեռքբերելու միտքը եղել է Քրիստինե Սարգսյանինը, ով ներկայացնում է «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը:

Աշխարհում TED-ի միջոցով «գաղափարներ» տարածողների շարքում Քրիստինեն գտել է հայկական ազգանունով մի խոսնակի` Ալեքսիս Օհանյանին, ում առաջարկով էլ TEDx Yerevan կազմակերպելու գործին միացել է նաեւ Սիվիլիթաս հիմնադրամը: - «Այս TEDx-ը պիտի Երեւանը դնի աշխարհի քարտեզի վրա», - ասում է Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակից Հայկ Պետրոսյանը:

TEDx Yerevan-ը կունենա 20 խոսնակ, որոնց մի մասը հայաստանցի են, մյուսները` օտարերկրացիներ եւ սփյուռքահայեր, լսարանում կլինի մոտ 200 մարդ, ովքեր մասնակցության հատուկ հրավերներ են ստացել: TED-ի լեզուն անգլերենն է:

Հիմնադրումից հետո TED-ը նոր թափ է ստացել 2006 թվականից, երբ կոնֆերանսում հնչած ելույթները սկսեցին տեղադրվել ինտերնետում: 2009-ի տվյալներով` արդեն 50 միլիոն մարդ է դիտել այդ ելույթները: Երեւանյան TEDx-ից հետո լավագույն 3 գաղափարները կդառնան համաշխարհային TED-ի մաս:

XS
SM
MD
LG