Մատչելիության հղումներ

logo-print

Նոր մանրամասներ են հրապարակվել YouTube-ի աղմկահարույց տեսանյութի մասին


Պաշտպանության նախարարության շենքը Երեւանում

Պաշտպանության նախարարության շենքը Երեւանում

Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է YouTube ցանցում հայտնված աղմկահարույց տեսանյութում նկարահանված զինծառայողների անունները:

«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում», - ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում. - «Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին»:

Սասուն Միքայելի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանազանցություն, պաշտոնական դիրքի չարաշահում) նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

«Եթե հիմքեր ձեռք կբերվեն նախաքննությամբ ավելի ծանր մեղադրանք առաջադրելու, բնականաբար մեղադրանքը կփոփոխվի», - նշեց Հարությունյանը:

YouTube ցանցում աղմկահարույց տեսանյութի տարածումից հետո Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. - «Նախարարությունը խստագույն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետը տեղեկացրեց, որ հայտնաբերվել եւ առգրավվել է այն բջջային հեռախոսը, որով նկարահանվել են սպայի գործողությունները: Նկարահանող զինծառայողը, նրա հայրը եւ եղբայրը հարցաքննվում են:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք միջոցներ են ձեռնարկվում տեսանյութը ինտերնետում տարածողներին գտնելու ուղղությամբ, եւ հիմքեր կա՞ն նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ իրականացվում է բազմակողմանի քննություն քրեական օրենսգրքի պահանջների համապատասխան, դրանից առավել ոչինչ չի կարող ասել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ հանցագործությունը կատարած անձի արարքի իրավական գնահատականը ճիշտ չի տրված` իշխանազանցություն, քանի որ առկա են նրան ավելի ծանր հոդվածներով դատապարտելու հիմքեր:

Իրավապաշտպանը միաժամանակ նշեց, որ տեսանյութը նկարահանողին եւ տարածողներին պատասխանատվության ենթարկելը կլինի «կատարված հանցագործությունը կոծկելու փորձ»:

Նախօրեին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) տարածել էր հայտարարություն, որում ասում է, որ իշխանությունները պարտավոր են հրապարակավ եւ պաշտոնապես երաշխավորել ոչ միայն տուժած երկու զինվորների անձեռնմխելիությունը, այլեւ տեսանյութի հեղինակի եւ տարածողների ազատությունն ու անվտանգությունը, քանի որ «նրանք իրացրել են տեղեկություններ հայթայթելու, ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը»:

«Եթե մարդը տեսնում է հանցագործությունը եւ այդ մասին տեղյակ չի պահում, ապա դա ինքնին հանցագործություն է: Այնպես որ այդ տղան, որը նկարել եւ տարածել է դա, խրախուսանքի արժանի է: Հակառակ դեպքում նա իսկապես հանցակից կլիներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը` նշելով, որ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածը մինչեւ 3 տարվա ազատազրկում է սահմանում «հանցագործությունը պարտակելու» համար:

Աշոտ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը պաշտոնապես արձագանքում է այս տեսանյութի խնդրին, քանի որ բանակում նման բացասական երեւույթը այսօր «քաղաքական գուցե ամենամեծ խնդիրն է», որը անմիջապես սպառնում է երկրի անվտանգությանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, սակայն, հակառակը, կարծում է, որ բանակի խնդիրները քաղաքականացնելը երկրի շահերից չի բխում:

«Հարկ չկար մեր բանակի այս ներքին խնդիրները քաղաքականացնել, պրոպագանդել, որովհետեւ ի վերջո մենք տարածաշրջանում հակամարտության մասնակից պետություն ենք», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը: - «Տեսանյութը տարածողներին պետք է առնվազն հասարակական պարսավանքի ենթարկել», - հավելեց իշխող կուսակցության փոխնախագահը:

YouTube-ում շրջանառվող տեսահոլովակը առանձնահատուկ հասարակական հնչողություն ստացավ եւ քննարկումների թեմա դարձավ, որովհետեւ այն ի հայտ եկավ վերջին ամիսներին բանակում բռնությունների եւ զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցած ողբերգական միջադեպերի ֆոնին։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG