Մատչելիության հղումներ

Fraser Institute. «Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը նահանջել է»


Շինհրապարակ Երեւանում
Շինհրապարակ Երեւանում
Կանադական ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` Fraser Institute-ի գնահատմամբ, տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 141 պետությունների թվում զբաղեցնում է 50-րդ տեղը` նախորդ տարվա 48-րդ հորիզոնականի փոխարեն:

Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որը այս տարի կտրուկ բարելավել է իր ցուցանիշները. 2009 թվականի համեմատ Վրաստանը բարձրացել է մոտ 20 կետով` հայտնվելով կանադացի վերլուծաբանների հրապարակած ցուցակի 23-րդ հորիզոնականում:

Այդուհանդերձ, Հայաստանը տարածաշրջանի պետություններից զիջում է միայն Վրաստանին` բավական առաջ անցնելով մյուս բոլոր հարեւաններից. ըստ կանադացի փորձագետների` տնտեսական ազատությունների առումով Թուրքիան այսօր 74-րդ, Ադրբեջանը` 93-րդ, իսկ Իրանը` 107-րդ հորիզոնականներում են:

Fraser Institute-ի հրապարակած ցուցակում Հայաստանի հարեւաններն են եւ մոտավորապես նույն ցուցանիշներն ունեն Ալբանիան, Զամբիան եւ Պորտուգալիան:

ԱՊՀ-ի առաջատար պետություններից Ռուսաստանը գտնվում է 84-րդ, իսկ Ուկրաինան` 127-րդ հորիզոնականում:

Հետազոտության հեղինակները աշխարհի պետությունների ազգային տնտեսությունները դիտարկել են մի շարք տեսանկյուններից. դրանք բաժանելով 5 պայմանական խմբերի` տնտեսական կյանքին պետության միջամտության չափ, տնտեսական գործունեության իրավական ապահովում, դրամավարկային քաղաքականություն, արտաքին առեւտուր եւ գործարար կյանքի պետական կարգավորում:

Կանադացի մասնագետները բավական բարձր են գնահատել պետական հատկացումների եւ սուբսիդիաների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը: «Պետական հատկացումների ընդհանուր ծավալը համախառն ներքին արդյունքի համեմատ մեծ չէ», - նշում են Fraser Institute-ի մասնագետները: Այս ցուցանիշով Հայաստանը 18-րդ տեղում է:

Կանադացի վերլուծաբանները բավական դրական են գնահատում նաեւ հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը` մասնավորապես սղաճի մակարդակն ու արտարժույթով ազատորեն բանկային հաշվեհամարներ բացելու հնարավորությունը:

Մյուս ոլորտներում Հայաստանի վիճակն ավելի մտահոգիչ է: «Տնտեսական գործունեության ընթացքում ամենալուրջ խնդիրները շարունակում են մնալ անկողմնակալ եւ անկախ դատարանների բացակայությունն ու բիզնեսի ընթացքում ծագող հավելյալ ծախսերը, նախ եւ առաջ` կաշառքները», - նշված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG