Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկումը դանդաղեցնում է ընդհանուր տնտեսական աճը


Հայաստանի տնտեսական աճի տեմպը շարունակում է դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ ամփոփոգրի համաձայն, հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը կազմել է 3.1 տոկոս, ինչը շուրջ 1 տոկոսով պակաս է տարվա առաջին 7 ամիսներին գրանցված ցուցանիշից:

Այս անկմանը նպաստել է շինարարության եւ գյուղատնտեսության ծավալների նվազումը` համապատասխանաբար 2.4 եւ 18 տոկոս:

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի կառավարությունը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, լրջագույն բարեփոխումներ է իրականացնում, սակայն դժվարանում է կանխատեսել, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն այս ոլորտում:

«Պետք է գնաք եկեղեցի, աղոթեք Աստծուն», - անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հարցին արձագանքելով` կատակել էր վարչապետն ու հավելել. - «Աշխարհում կա՞ այդպիսի մարդ, որը կարողանա ասել, թե ինչ է սպասվում գյուղատնտեսությանը: Շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն բնակլիմայական պայմանները, օրինակ` աշնանացանի ժամանակ»:

Վերջերս կառավարությունը հաստատել է մինչեւ 2020 թվականը գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների համալիր ծրագիրը:

«Այդ հայեցակարգը նպատակ ունի նպաստելու, որպեսզի կոոպերացիան զարգանա մեր գյուղատնտեսությունում, տեղի ունենա տնտեսությունների խոշորացում, որպեսզի արդյունավետությունը գյուղատնտեսությունում ավելանա», - պարզաբանեց Տիգրան Սարգսյանը. - «Մյուս առանձնահատկությունը` գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը կապում ենք գյուղերի զարգացման հետ, որովհետեւ գյուղերի համալիր զարգացումը, գյուղական վայրերում բազմատիպի աշխատատեղերի ստեղծումը չափազանց կարեւոր է Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման համար»:

Կառավարությունը նախատեսում է կոոպերատիվների ստեղծումը հատկապես խաղողագործության ոլորտում, որտեղ, ըստ Տիգրան Սարգսյանի, մրցակցության աճի եւ գյուղացիական տնտեսությունների խոշորացման արդյունքում փոքր ձեռնարկությունները կարող են կախվածության մեջ ընկնել կառավարության աջակցությունից:

Նախկինում իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության բյուրոյի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «նորմալ ռազմավարություն» անվանեց կառավարության ընդունած հայեցակարգը` շեշտելով, թե գյուղատնտեսությունը վերջին տարիներին միշտ էլ եղել է կառավարության ուշադրության կենտրոնում:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100 քայլ ծրագրում նույնպես նշվում էր գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, պետության կողմից ոլորտի սուբսիդավորման անհրաժեշտությունը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, կառավարությունը այս ոլորտում մինչ այժմ բարեփոխումներ չի իրականացրել:

«Ֆիքսենք, որ Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներկայումս սուբսիդավորում ընդհանրապես չկա: Գյուղացիներին պետք է միավորել փոխօգնության կոոպերատիվի մեջ: Օրինակ, եթե խաղողագործները միավորվում են նման կոոպերատիվներում, ապա կոնյակի եւ գինու գործարանները ստիպված կլինեն գինենյութ գնել գյուղացուց, այլ ոչ թե խաղող, եւ ավելացված արժեքը կմնա գյուղացուն: Ի վերջո` այս ամենի արդյունքում գյուղատնտեսությունը շնչելու հնարավորություն կունենա եւ ամենակարեւորը` իր կառուցվածքային զարգացման մակարդակով կհավասարվի արդյունաբերությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Բագրատյանը:
XS
SM
MD
LG