Մատչելիության հղումներ

Հրապարակվել են աղմկահարույց տեսանյութի մասնակիցների անունները


Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է YouTube ցանցում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ աղմկահարույց տեսանյութի մասնակիցների անունները:

«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում», - ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում. - «Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին»:

Պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը, հիշեցնենք, անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ բերման ենթարկվածները «Եղնիկներ» զորամասից են:

Հաղորդվում է նաեւ, որ Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Սասուն Միքայելի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդ. 1-ին մասով (իշխանազանցություն, պաշտոնական դիրքի չարաշահում) նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

YouTube-ում շրջանառվող տեսահոլովակը առանձնահատուկ հասարակական հնչողություն ստացավ եւ քննարկումների թեմա դարձավ, որովհետեւ այն ի հայտ եկավ վերջին ամիսներին բանակում բռնությունների եւ զինծառայողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի հետեւանքով տեղի ունեցած ողբերգական միջադեպերի ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG