Մատչելիության հղումներ

Դատարանը լրտեսության գործով վճիռ կայացնելու փոխարեն որոշեց վերսկսել դատաքննությունը


Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, Ղարաբաղյան պատերազմի տարիներին «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի եւ իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի գործով դատավճիռ հրապարակելու փոխարեն դատարանն այսօր որոշեց վերսկսել դատաքննությունը:

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը կայացած փակ նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ մեղադրվող Գեւորգ Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:

«Դատարանը խորհրդակցական սենյակում համոզվել է, որ այսպիսի ապացույցներով երեւի ոչ մեղադրական դատավճիռ, ոչ արդարացման դատավճիռ չի կարող կայացնել», - նշեց պաշտպանը` ընդգծելով. - «Սա սովորական գործ չէ, դուրս է սովորական սպեցիֆիկայից»:

Սեդա Սաֆարյանը համոզված է, որ եթե դատարանն ունենար անհրաժեշտ ապացույցներ` այսօր կկայացներ մեղադրական դատավճիռ:

Գործը դատարանում է անցյալ տարվա վերջից, ընթացել է փակ դատաքննությամբ:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանը «հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների տեսադաշտում, հավաքել է գաղտնի նյութեր»: Ըստ մեղադրականի` Գեւորգ Հայրապետյանը այս գործով մյուս ամբաստանյալ, Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Բեհնամ Բաղերիին 2009 թվականի սեպտեմբերին հանձնել է մի տեսասկավառակ, որը Մեղրիի անցակետում հայտնաբերվել է վերջինիս պայուսակում։

Գեւորգ Հայրապետյանը եւ Բեհնամ Բաղերին մեղադրանքը չեն ընդունում, նրանց պաշտպանները պնդում են, թե քրեական գործը շինծու է, իսկ փակ դատավարության հիմք չկա, քանի որ քրեական գործում պետական գաղտնիք չկա:
XS
SM
MD
LG