Մատչելիության հղումներ

Stratfor. «AGRI նախագիծը մտահոգում է թե' Թուրքիային եւ թե' Ռուսաստանին»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկու, Բաքու, 13-ը սեպտեմբերի, 2010թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկու, Բաքու, 13-ը սեպտեմբերի, 2010թ.

Ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու AGRI նախագիծը, որի իրագործման մասին պայմանագիրն անցած շաբաթ ստորագրեցին Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի եւ Հունգարիայի ղեկավարները, առավելապես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ ունի, համոզված են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները:

Բաքվում ստորագրված պայմանագրի համաձայն` նախատեսվում է ադրբեջանական գազը տեղափոխել Սեւ ծովի վրացական ափ, հատուկ կառուցված գործարանում հեղուկացնել այն, տանկերներով տեղափոխել Ռումինիա, որտեղ էլ կասպիական գազը կբերվի իր բնական վիճակին եւ արդեն գործող խողովակաշարերով կարտահանվի եվրոպական շուկա: «Նախագծի ընդհանուր արժեքը տատանվում է 2-ից մինչեւ 5 միլիարդ դոլարի միջակայքում», - նշում է Stratfor-ի փորձագետ Յուջին Չաուսովսկին:

«Եթե հարցը դիտարկենք տեխնիկական եւ փոխադրումների տեսանկյունից, ապա նախագիծը շատ հավակնոտ է, եթե չասենք` ոչ իրատեսական: Անհրաժեշտ է լինելու հատուկ գործարաններ կառուցել Վրաստանում եւ Ռումինիայում, ինչի հնարավորությունը նախագծի մասնակիցներից եւ ոչ մեկը չունի: Դա նշանակում է, որ հավելյալ ներդրումներ են անհրաժեշտ», - ասում է Stratfor-ի վերլուծաբանը:

Ամերիկացի փորձագետի համոզմամբ` AGRI-ն լուրջ մտահոգությունների տեղիք կարող է տալ թե' Ռուսաստանում եւ թե' Թուրքիայում:

«Նախագծին մասնակցող պետությունները լուրջ խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ: Վրաստանի խնդիրները կապված են Ռուսաստանի աջակցությամբ անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Ռումինիան Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի` կապված Մոլդովայի հետ, որն այս երկու պետությունների համար յուրատեսակ բուֆերային գոտու է վերածվել: Բաքուն ավելի պրագմատիկ եւ անկախ քաղաքականություն է վարում, սակայն վերջերս Ռուսաստանը ռազմական համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հակառակորդի` Հայաստանի հետ», - հիշեցնում է Չաուսովսկին:

AGRI նախագծի հանդեպ թուրքական կողմի դժգոհությունների մասին փորձագետը նշում է. - «Թուրքիան հայտարարեց, որ չի աջակցում այս նախագծի իրագործմանը: Բանն այն է, որ թուրքական կողմը կգերադասեր ադրբեջանական գազն այլ ծրագրերում օգտագործել: Խոսքը, մասնավորապես, Nabucco-ի մասին է: Թուրքիան նաեւ շահագրգռված է «Շահ Դենիզ» հանքավայրի գազային պաշարների օգտագործմամբ»:

«Ի վերջո, սակայն, Ադրբեջանը ցանկանում է թե' Ռուսաստանին եւ թե' Թուրքիային ցույց տալ, որ [գազի արտահանման] այլ տարբերակներ ունի: AGRI-ի նման էներգետիկ ծրագրերը հավելյալ լծակ կարող են դառնալ Ադրբեջանի ձեռքում», - համոզված է Յուջին Չաուսովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG