Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 22-ի մամուլ


«ժամանակ»-ի մեկնաբանը, քիչ հավանական համարելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներկայիս ֆորմատով իշխող կոալիցիոն դաշինքի ձեւավորումը, գրում է. - «Այժմ կա հստակ եւ որոշակի ընդդիմություն, եւ իշխանության համար այժմ առավել կարեւոր է պայմանավորվել այդ ընդդիմության հետ, քան թե ասենք` ներկայիս կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկրի» եւ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի համար ակնհայտ է, որ ընդդիմությունն իրեն է ընդդիմություն, ոչ թե «Բարգավաճ Հայաստանին» կամ «Օրինաց երկրին»: Հետեւաբար, որեւէ երաշխիք չկա, որ այդ ուժերը կամ գոնե նրանցից մեկը կարող է ցանկացած պահի պարզապես վերակողմնորոշվել դեպի ընդդիմությունը: Դա այսօր թվում է անիրական, բայց Հայաստանի քաղաքական անցուդարձում առաջին անգամ չէ, որ անիրականը կարճ ժամանակում դառնում է շոշափելի: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանն ինքը ամենից լավ գիտե իր իսկ սնած ու պահած ուժերի բնավորությունն ու տեսակը: Թերեւս հենց դրա համար էլ նա այժմ փորձում է կամաց-կամաց «վերացնել» այդ տեսակը քաղաքական դաշտից, քանի դեռ այն չի սկսել արդեն աշխատել իր դեմ: Նրանց հետ պայմանավորվելու փոխարեն, Սերժ Սարգսյանի համար ավելի ռացիոնալ կլինի պայմանավորվել ընդդիմության` Կոնգրեսի հետ»:

Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առնչությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Անկախության օրը մեզանում իսկապես առանձնահատուկ ձեւով է նշվում: Հեռուստաընկերությունները մի քանի հայկական ֆիլմեր են ցուցադրում (որպես կանոն` իրականության հետ որեւէ կապ չունեցող), հետո ընթերցվում է այդ առթիվ Սերժ Սարգսյանի ռեֆերենտների գրած ուղերձը, եւ այդքանով էլ, ըստ էության, Անկախության տոնն ավարտվում է: Սա, իհարկե, հանրային ընկալմամբ: Իրականում տոնախմբությունները լավ էլ շարունակվում են: Վերջին հաշվով` օրը ոչ աշխատանքային է, մարդիկ հարսանիք-բան են անում, ռեստորաններում հրավառություններ են լինում: Իսկ գուցե Անկախության օրն իր մեջ նաեւ ա՞յլ խորհուրդ է պարունակում: Դատելով իշխանությունների պահվածքից` ոչ: Այլապես Սերժ Սարգսյանն Անկախության տոնի նախօրեին չէր հայտարարի, թե ինքը հաճույքով է ստորագրել անկախ Հայաստանում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ համաձայնագիրը: Այլապես անկախ երկրի վարչապետն իր երկրի Անկախության օրը չէր նշի Չինաստանում»:

Հղում անելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրությանը` «Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին 8 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով ՀՀ-ից անվերադարձ մեկնածների թիվը կազմել է 61 հազար մարդ». - «Մեկնել է 574 հազար եւ ժամանել 513 հազար ուղեւոր: Իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տրանսպորտային բոլոր միջոցներով ՀՀ-ից մեկնածների եւ վերադարձածների տարբերությունը, այսինքն` արտագաղթի ցուցանիշը 2008-ին եւ 2009-ին կազմել է 48 հազար: Նշենք, որ 2007-ին` մինչեւ 2008-ի մարտիմեկյան դեպքերը արտագաղթի ցուցանիշը կազմել է 3 հազար: Ըստ իրազեկ աղբյուրի, ներքին օգտագործման փակ վիճակագրության պատասխանատուները ՀՀ բարձրագույն ղեկավարությանը դեռեւս ամիսներ առաջ զեկուցել են, որ 2008-ից արտագաղթի նոր ալիք է սկսվել, որին պայմանական տրվել է «երրորդ ալիք» անվանումը: Այս մեկը առանձնանում է նրանով, որ արտագաղթողները ֆինանսապես ապահով ընտանիքներից են»:

Անդրադառնալով Ախթալային եկեղեցու վերաօծման արարողությանը, որը տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման օրը` «Հրապարակ»-ը գրում է. - «Հարցազրույցներ հեռարձակվեցին, ուրախ-զվարթ մարդկանց ցույց տվեցին, սակայն ոչ մի խոսք չասվեց այն մասին, որ արարողության գլխավոր մասը` խաչի տեղադրման եւ եկեղեցու վերաօծման հատվածն այդպես էլ չկայացավ: Փորձեցին կոծկել այդ մասը, հանրությունից թաքցնել: Դե, եթե ներկայացվեր այդ իրողությունը, ինչպե՞ս կկարողանային փնովել թուրքական իշխանություններին: Եթե իրենք իրենց երկրում չեն կարողանում խաչ տեղադրել եւ եկեղեցի օծել, ինչպե՞ս կարող են մեղադրել դրանում թուրքական իշխանություններին: Իսկ բանն այն է, որ Ախթալայի եկեղեցին, որը, ըստ որոշ տեղեկությունների, 11-13-րդ դարերի կառույց է, քաղքեդոնական մշակույթի նմուշ է համարվում: Քաղքեդոնականությունը կամ հունադավանությունը Վրաստանին սահմանամերձ Հայաստանում տարածված է եղել, եւ վրացական եկեղեցին այս հուշարձանների նկատմամբ որոշակի հավակնություններ ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG