Մատչելիության հղումներ

Հազարամյակի զարգացման նպատակների գագաթնաժողովում Էլմար Մամեդյարովը միայն սկզբում է անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին։

«Չնայած հարեւան Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավմանն ու մոտ մեկ միլիոն փախստականների եւ ներքին տեղահանվածների առկայությանը, Ադրբեջանի կառավարությունը վերահաստատում է Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրով մինչեւ 2015 թվականը ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ եւ արդյունավետ կերպով իրականացնելու վճռականությունը», - ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտաքին գործոց նախարարի փոխանցմամբ, իր երկիրը էական առաջխաղացում է գրանցել աղքատությունը, այդ թվում դրա ծայրահեղ դրսեւորումը վերացնելու գործում։

«Աղքատությունն Ադրբեջանում 2005-ին գրանցված 29,3 տոկոսից 2010-ին նվազել է մինչեւ 11 տոկոս»,- ասել է նախարարը։ Մամեդյարովի խոսքերով, գործազրկությունը նույնպես նվազել է` 2005 թվականի 7,6 տասնորդականի համեմատությամբ այն 2009-ին 6 տոկոս է կազմել։ Միջոցներ են հատկացվել փախստականների եւ տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Լայնածավալ ծրագիր է իրականացվել տարրական համընդհանուր կրթությունը բոլորին մատչելի դարձնելու, գենդերային հավասարություն ապահովելու, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու ծրագրերին։
Խոսելով շրջակա միջավայրի պահպանության մասին, Մամեդյարովը հայտնել է, որ ընթացիկ 2010 թվականն Ադրբեջանում հռչակվել է բնապահպանության տարի։

Հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց եւ երեխաների հարվերով պետական կոմիտե։ Քայլեր են ձեռնարկվել կրթության եւ աշխատավարձերի հարցերում կանանց իրավահավասարությունը ապահովելու, պետության կառավարման համակարգում նրանց մասնակցության աստիճանը բարձրացնելու համար։ Պետությունը միջոցներ է հատկացրել մայրական առողջությանը նպաստելու եւ մանկական մահացությունը կրճատելու համար։

Չհիշատակելով կոնկրետ անուններ, Մամեդյարովը ասել է, որ Ադրբեջանը մշակել եւ իրականացրել է տարածաշրջանային ծրագրեր, որոնք «խթանել են հարեւան որոշ պետությունների զարգացումը»։

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաներին, Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանն հանդես է եկել «Տրանսեվրասիական տեղեկատվական մայրուղի» ստեղծելու նախաձեռնությամբ, որը կնպաստի տարածաշրջանում ինտերնետի եւ դրա ընձեռած տարաբնույթ հնարավորությունների` օն-լայն առեւտրի, հեռահաղորդակցության զարգացմանը, աղքատության կրճատմանը եւ սոցիալական ներգրավվածությանը։

Հազարամյակի զարգացման նպատակների գագաթնաժողովն անցնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում։ ՄԱԿ-ը 2000 թվականին է ընդունել հազարամյակի զարգացման նպատակների հայեցակարգը, որն ուղղված է աղքատության, համաճարակների, մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը եւ մարդկության համար հրատապ մի շարք այլ խնդիրների հաղթահարմանը։

Հայաստանի ներկայացուցչի ելույթը նախատեսված է այսօր երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG