Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:

«Միացյալ Նահանգները միանում է Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների եւ աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ եւ որպես պատիվ է ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ», - ասված է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձում:

«Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ հայ-ռուսական բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել», - շնորհավորական իր ուղերձում գրել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: - « Հայաստանը եւ Ռուսաստանը վստահության եւ համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի արդյունավետ են համակարգում իրենց քայլերը»:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում: սեպտեմբեր, 2008թ.:
Տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին ընդարձակ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, իր ուղերձում Թուրքիայի նախագահը, մասնավորապես, կարեւորել է տարածաշրջանում հակամարտությունների լուծումը, ինչը թույլ կտա հասնել քաղաքակիրթ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Աբդուլա Գյուլը անդրադարձել է անցած տարի կնքված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին` հույս հայտնելով, որ դրանք հիմք կծառայեն հետագա հարաբերությունների համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական ուղերձներ են ստացվել նաեւ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավից, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքից, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչից, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդից, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից:

Շնորհավորական ուղերձներ են ստացվել նաեւ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավից, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքից, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչից, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդից, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG