Մատչելիության հղումներ

Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումից «ակնկալել որեւէ առաջընթաց կամ բեկում, իհարկե, վաղաժամ է դեռ», «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Նման հանդիպումները կարեւորում ենք նրանով, որ եւս մեկ քայլ է ընդհանրապես բանակցային գործընթացը պահպանելու: Բայց որեւէ բեկում մենք չենք ակնկալում, որովհետեւ մինչ այդ նույն Ադրբեջանում կատարվում էին այնպիսի իրադարձություններ, որոնք որեւէ հիմք չեն թողնում մեզ` ակնկալել, որ կարող է լինի Ադրբեջանի կողմից կառուցողական ինչ-որ քայլ», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից ադրբեջանական բանաձեւի հետկանչի առնչությամբ Բաբայանը ասաց, որ «Ստեփանակերտում դա գնահատվեց որպես դրական մի զարգացում», եւ մանրամասնեց. - «Ոչ թե գործընթացը ինքն է միայն դրական, այլ դրանից առաջ եղել են մի շարք այլ գործընթացներ, որոնք, փաստորեն, Ադրբեջանի համար ոչ դրական զարգացումներ են գրանցել: Առաջինը նույն [Միջազգային] ճգնաժամային խմբի կողմից զեկույցն է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը բնութագրող, եւ երկրորդը` կարեւորագույնը ըստ իս, այն է, որ Հարավային Սուդանը կամաց-կամաց գնում է դեպի անկախության: Եվ սա նշանակում է, որ նոր պետությունների ձեւավորումը, անկախության այս ճանաչումը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչումը ստանում է որակապես նոր թափ` Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա, հիմա Սուդանն է»:

«Պարզ է, որ այդ իրավիճակում Ադրբեջանի համար իրավական դաշտում գնալով ավելի դժվար է դառնում իր փաստարկները պաշտպանել կամ ինչ-որ ոչ կառուցողական դիրքորոշում բռնել եւ ուղղակի ջայլամի քաղաքականություն վարել, երբ միջազգային հանրությունում գնում են լրիվ այլ գործընթացներ, եւ ինքը ուզում է, փաստորեն, այդ գործընթացները չնկատել եւ պարտադրել իր կամքը մնացած բոլոր պետություններին», - շեշտեց Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակը:

Հարցին` արդյոք Ստեփանակերտը արդեն որոշում կայացրե՞լ է Ղարաբաղին հարող շրջաններում նախատեսվող առաքելության առնչությամբ, Դավիթ Բաբայանը արձագանքեց. - «Այդ գործընթացն ընդհանրապես պետք է լինի երկկողմ մակարդակով, այսինքն` եթե նման առաքելության Արցախը համաձայնություն տա, ապա միեւնույն գործընթացը պետք է գնա նաեւ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու այն տարածքներում, որոնք զավթված են այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից: Դա կարող է լինել սինխրոն ձեւով, կարող է լինել մյուս տարի, բայց եթե դա չլինի, իմաստազրկվում է այդ գործողությունը»:

«Թեպետ ասենք, որ մենք չենք վախենում նման գործընթացներից` թող գան տեսնեն, որ այս տարածքը Արցախի անբաժան մասն է եւ այդպիսին էլ կմնա», - ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը` հավելելով. - «Բայց պիտի լինի անպայման եւ Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում կատարվի այդ մոնիտորինգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG