Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտ է ավելին անել Հայաստանի ներքին տեղահանված անձանց կյանքը բարելավելու համար»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալին

«Ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի ներքին տեղահանվածների վիճակը Հայաստանում բարելավվի», - Հայաստան կատարած երկօրյա ացի ավարտին` երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարում է ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինը:

«Հայաստանի ներքին տեղահանված անձինք չափազանց երկար ժամանակ են մոռացված եղել, եւ անհրաժեշտ է ավելին անել այն մարդկանց կյանքը բարելավելու համար, ովքեր արդեն երկու տասնամյակ է, ինչ տեղահանված են, եւ այս գործընթացը կարիք ունի կառավարության եւ միջազգային հանրության համատեղ աջակցության», - ասում է Ուոլտեր Կալինը, ում
մանդատի ժամկետը Հայաստանում արդեն ավարտվում է:

ՄԱԿ-ի փորձագետը հանդիպել է ներքին տեղահանված արծվաշենցիների հետ Ճամբարակի Դպրաբակ գյուղում: Նա մեծ մտահոգությամբ նկատել է, որ հարկադրաբար տեղահանվածները իրենց տնտեսական եւ սոցիալական իրավունքների ոլորտում նախկինի պես լուրջ խնդիրների են բախվում` կապված, մասնավորապես, նորմալ կացարանի բացակայության եւ տնտեսական հնարավորությունների սահմանափակ լինելու հետ:

Կալինը գոհունակությամբ նշել է, որ շատ տեղահանվածներ Հայաստանում լավ ինտեգրվել են այն համայնքներում, ուր հարկադրաբար տեղափոխվել են, եւ այնուամենայնիվ, մի զգալի հատվածը տեղափոխվելուց 20 տարի անց էլ նախկինի պես ապրում է բարդ պայմաններում, մինչ մյուսները հնարավորություն չեն ունեցել սահմանամերձ բնակավայրերում գտնվող իրենց տները վերադառնալ` կացարանի եւ գոյատեւման միջոցների բացակայության պատճառով:

Կալինը հայաստանյան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաեւ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում` արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով եւ աշխատանքով ապահովելու կարեւորությունը։

Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն` Ուոլտեր Կալինը, իր հերթին, անհրաժեշտ է համարել 2009 թվականին Ժնեւում իրեն ներկայացված «վերադարձի ծրագրի» վերանայումն ու լրամշակումը: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ փոխվարչապետին համապատասխան հանձնարարական կտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG