Մատչելիության հղումներ

«Ղարաբաղում ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման դիմագիծը Բրայզան էր»


Մեթյու Բրայզա

Մեթյու Բրայզա

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը քվեարկության է դրվելու նախկինում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակելու առաջարկը։

Այդ պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած Բրայզայի թեկնածությունը պետք է քվեարկվեր դեռ օգոստոսին, սակայն դա արգելափակվել էր դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ։

Որոշ սենատորների կարծիքով` դեսպանի թեկնածու Բրայզան անբավարար ու խուսափողական պատասխաններ է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման խնդրում իր դիրքորոշմանը եւ Բաքվում ապագա ծառայությանը վերաբերող հարցերին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի պնդմամբ` Մեթյու Բրայզայի գործունեությունը տարածաշրջանում արդյունավետ չի եղել։

«Հստակ է, որ սենատորները մտահոգություններ ունեն պարոն Բրայզայի թեկնածության վերաբերյալ, անձ, ով վերջին տասը տարվա ընթացքում կապ է ունեցել Կովկասյան շրջանի հետ։ Այդ ժամանակաշրջանում դարձել ենք ապակայունացման եւ Ադրբեջանի կողմից հարձակվելու սպառնալիքներ հնչեցնելու ականատեսը։ Դրանում է համոզում անցած շաբաթավերջին Ղարաբաղում տեղի ունեցած հերթական միջադեպը, որի հետեւանքով զոհվեց հայ զինծառայող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Չուլջյանը:

«Ամերիկյան կառավարության քաղաքականությունը Ղարաբաղի եւ ընդհանրապես Անդրկովկասի նկատմամբ, դժբախտաբար, ձախողված է։ Այդ ձախողման դիմագիծը Մեթյու Բրայզան էր` իր զբաղեցրած տարբեր պաշտոններում։ Մենք ակնկալում ենք, որ այդ հանգամանքով մտահոգված սենատորները կցանկանան տեսնել նոր դեմք, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածու», - նշեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:

«Անշուշտ, քվեարկությունը վերջին խոսքը չէ։ Թեկնածուի վերաբերյալ հստակ մտահոգություններ ունեցող սենատորը կարող է կանխել հաստատումը, ինչպես անցյալում եղել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի պարագայում։ Բայց եթե հանձնաժողովը քվեարկի ի նպաստ պարոն Բրայզայի, ապա հուսանք, որ մտահոգված սենատորները կդիմեն հաջորդ քայլին` կկանխեն նշանակումը», - ամփոփեց Էլիզաբեթ Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG