Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը մեկնաբանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը


Հայաստան -- Ընդդիմության հանրահավաքը Երեւանում, 17-ը սեպտեմբերի, 2010թ.

Հայաստան -- Ընդդիմության հանրահավաքը Երեւանում, 17-ը սեպտեմբերի, 2010թ.

Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող վտանգների հաղթահարման միակ ելքը իշխանափոխություն է:

Այն, որ այսպես դժվար է շարունակել` փաստ է արդեն, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյան
«Մենք հասել ենք մի նշաձողի, երբ իսկապես դժվար է պատկերացնել, որ այսպես շարունակելու դեպքում մենք կարող ենք զարգացնել Հայաստանը: Իշխանափոխություն` այսպես եթե դիտենք, անհրաժեշտ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը կարծիք հայտնեց Հակոբյանը:

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը, սակայն, երկրի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի համար մեղադրեց նաեւ ընդդիմությանը. - «Չնայած նրան, որ ընդդիմադիր տրամադրությունները հանրապետությունում շատ ավելի են, քան իշխանամետ տրամադրությունները, բայց, որովհետեւ ընդդիմությունը համախմբված չէ, չի կարողանում այդ ընդդիմադիր տրամադրությունները համակարգված դաշտ բերել»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանում, իր բնորոշմամբ` ռուս-թուրք-ադրբեջանական նոր ձեւաչափին, ներկայիս իրավիճակը համեմատել էր 1920 թվականի հետ: - «Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին», - հայտարարել էր առաջին նախագահը:

Թե հանրապետական Էդուարդ Շարմազանովը, եւ թե դաշնակցական Արծվիկ Մինասյանը ելույթի այդ դրվագը բնորոշեցին որպես «անհաջող համեմատություն»:

Էդուարդ Շարմազանով
«Բոլշեւիկները այդ ժամանակ համագործակցում էին քեմալականների հետ: Ես չեմ հասկանում, հիմա մեր ընդդիմությունը ո՞ւմ հետ է համագործակցում», - նշեց իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` հավելով. - «Այսինքն` այս զուգահեռները շատ սխալ էին»:

Բացի դրանից, վերլուծելով ՀԱԿ անդամների հայտարարությունները, Էդուարդ Շարմազանովը եզրակացրեց, որ ընդդիմադիր այդ դաշտում կան հակասություններ:

«Ալիկ Արզումանյանը ասում էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, եթե ֆորս-մաժոր չլինի գնալու ենք հերթական ընտրությունների, իսկ Լեւոնը Զուրբայան` իր ելույթում խոսեց «բոլոր հասկացող-չհասկացողների համար եւ ներքին, եւ արտաքին»: Ներքին ասելով երեւի նկատի ուներ իր գործընկերոջը: Ասաց, որ արտահերթ ընտրությունների են գնում»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` առաջին նախագահը սխալ է վերլուծել պատմությունը:

«Եթե մենք փորձենք վերարտադրել այդպիսի իրավիճակը, ապա հաստատ իշխանության հանձնումը չպետք է լինի առաջին նախագահի օգտին», - կարծում է դաշնակցական պատգամավորը:

Արծվիկ Մինասյան
Նրա գնահատմամբ, առաջին նախագահը, իր վերջին ելույթում խոսելով իշխանափոխության մասին, իրականում հեռացնում է իշխանափոխության հնարավորությունը:

«Տեր-Պետրոսյանը այսպիսով օգնում է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավելի ամրապնդել իրենց իշխանությունը: Դա հենց քողարկված տակտիկան է: Իրականում իշխանափոխության չի գնում առաջին նախագահը, այլ համազգային դաշտում լիդեր լինելու մոտեցմամբ, որտեղ թե ընդդիմությունը, թե իշխանությունը կենթարկվեն միայն իրեն», - կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG