Մատչելիության հղումներ

Արտերկրի մամուլը Աղթամարի պատարագի մասին


Ամերիկյան, բրիտանական եւ թուրքական մամուլը լուսաբանել է Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ եկեղեցու գմբեթին խաչի բացակայությունը։

Իսլամական կողմնորոշում ունեցող «Ենի Շաֆաք» օրաթերթը հաղորդում է, որ Վանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Մուֆտի Նիմետուլահ Արվաշը կարմիր վարդերով է դիմավորել Աղթամար ժամանած Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանին։

«Հյուրիեթի» փոխանցմամբ, Թուրքիայի հայերի համար Սուրբ Էջմիածնի ներկայացուցիցչների բացակայությունն անակնկալ էր։ Թերթը նշում է, որ Մայր Աթոռը նախապես համաձայնել է մասնակցել պատարագին, սակայն վերանայել է որոշումն այն բանից հետո, երբ համոզվել է, որ թուրքերը սեպտեմբերի 19-ի պատարագին ընդառաջ խաչը չեն տեղադրի Սուրբ Խաչի գմբեթին։ Ըստ «Հյուրիեթի», Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունեյը հավաստիացրել է, որ «չնայած ուշացմանը, խաչն անպայման կտեղադրվի»։

«Լոս Անջելես Թայմսը» գրել է, թե կիրակի օրը Արեւելյան Թուրքիայում մատուցված պատարագը վկայում է երկու իրողությունների մասին` մի կողմից, կա թուրքերի եւ հայերի հաշտության գործընթացը, մյուս կողմից` առայսօր կան խոչընդոտներ, որոնք առաջացել են գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած «հայոց զանգվածային սպանդից հետո»։ Դա հազար հարյուր տարվա պատմություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագն էր 1915-ից հետո, տարեթիվ, երբ «բռնության ալիքը գրեթե ամբողջապես ոչնչացրեց Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքներից մեկը»։

«Վաշինգթոն Փոսթը» երեկվա պատարագի մասին գրում է, թե «այն պետք է դառնար մի շրջադարձ թուրքերի եւ հայերի հարաբերությունների բարելավման ճանապարհին, բայց փոխարենը հրահրեց նոր վեճեր, քանի որ թուրքական իշխանությունները հրաժարվեցին պատարագի նախօրեին խաչը տեղադրել վերանորոգված եկեղեցու գմբեթին»։ Թերթը նշում է, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանն անցած շաբաթ ասել է, որ պատարագի արտոնումը վկայում է թուրքերի հանդուրժողականության մասին։

BBC-ի թղթակիցն իր ռեպորտաժում ասել է, թե «լեռների խորապատկերում հայոց միջնադարյան պատարագի փառավոր հնչյունները շատ հուզիչ էին, մարդիկ եկել էին Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Գերմանիայից եւ Հայաստանից` տոնելու խորհրդանշական վերամիավորումն այս երկրի եւ իրենց նախնինների հետ»։ BBC-ն վկայակոչել է «Ակոսի» խմբագրապետ Ռոբեր Կոպտաշին, ով ողջունել է թուրքերի կողմից եկեղեցին վերանորոգելու հանգամանքը եւ ավելացրել.- «Դա հրաշալի է, բայց նրանք պարտավոր են ավելի խիզախ լինել։ Թուրքիայի հասարակության մեծ մասը պատրաստ է ընդունել, որ դա հայկական եկեղեցի է, հիմա հերթը կառավարությանն է»։

Թուրքական «Զամանը» գրել է, որ Աղթամարում հայկական եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու արգելքը ճիշտ այնպիսի սխալ է, ինչպիսին թույլ տվեց եվրոպական մի երկիր (խոսքը Շվեյցարիայի մասին է)` արգելելով մինարեթներ կառուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG