Մատչելիության հղումներ

Արեւիկ Պետրոսյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից


Արեւիկ Պետրոսյան

Արեւիկ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

«Միայն կարող եմ հաստատել այս պահի դրությամբ», - ասաց Գալստյանը:

Հրաժարականի պատճառի վերաբերյալ հարցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը արձագանքեց. - «Դա մեր կուսակցության որոշումն է, որեւիցե արտառոց պատճառ չկա: Նա կշարունակի պաշտոնավարել որպես սովորական պատգամավոր մեր ֆրակցիայում, իսկ իր փոխարեն կուսակցությունը ապագայում կառաջարկի նոր թեկնածուի»:

Իսկ թե ինչու կուսակցությունը նման որոշում կայացրեց` Խաչիկ Գալստյանը նշեց. - «Չեմ կարող ասել: Առիթի դեպքում տիկին Արեւիկին դուք կհարցնեք` ինքը կպատասխանի»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չասաց նաեւ, թե ում է «Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր առաջադրել այս պաշտոնում:

Որպես հնարավոր թեկնածուներ` մամուլում շրջանառվում են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ վերջերս «Բարգավաճ Հայաստան»-ին անդամագրված` «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Սամվել Բալասանյանի անունները:

Արեւիկ Պետրոսյանը Ազգային ժողովի փոխնախագահ է ընտրվել 2007 թվականի նոյեմբերին, երբ այդ պաշտոնը թափուր էր մնացել Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատի նախագահ նշանակվելուց հետո:
XS
SM
MD
LG