Մատչելիության հղումներ

logo-print
Բրիտանական Guardian-ը իր հոդվածը վերնագրել է «Երբ դժբախտությունը ժառանգություն է»:

«1915 թվականին Օսմանյան Թուրքիայում սիստեմատիկորեն սպանվեցին կամ արտաքսվեցին հայերը` ցեղասպանության մի ակտ, որի ժամանակ մինչեւ մեկեւկես միլիոն մարդ մահացավ», - նշում է հոդվածագիրը:

«Բայց ինչո՞ւ է 1915 թ կարեւոր 2010 թվականին», - հարցնում է թերթն ու նկատում. - «Հայերը մի ազգ են, որ որոշել են հիշել, քանի որ նրանց համար կարեւոր է պատմական հիշողությունը»:

«Սա կարեւոր է Թուրքիայի հետ փակված սահմանից այն կողմ բնակվողների համար, քանի որ Ցեղասպանության պատճառով հայերն ունեցան Լոս Անջելեսից մինչեւ Փարիզ սփռված հսկայական սփյուռք», - գրում է հեղինակավոր պարբերականը:

«Մերժելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել` Թուրքիայի իշխանությունները հասան նրան, որ իրադարձությունը, որը, շատերի կարծիքով, պետք է ջրբաժան դառնար Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, փոխարենը դարձավ նոր տարաձայնությունների առիթ», - գրում է The Washington Post-ը:

«Բայց խաչի բացակայությունը եւ դրա առաջացրած դառը հակազդեցությունը ապացուցեցին, թե որքան լարված եւ անկայուն են երկու ազգերի միջեւ եղած հարաբերությունները: Քանի որ Սուրբ Խաչը համարվում է պատմական հուշարձան, ցանկացած իրադարձություն պետք է արժանանար կառավարության հավանությանը: Իսկ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե խաչը շատ ծանր է` եկեղեցու գմբեթին այն տեղադրելու համար», - նշում է ամերիկյան պարբերականը:

Բրիտանական The Times-ը նշում է, որ պաշտոնական Անկարային ընդհանուր առմամբ հաջողվել է վերջին 8 տարիներին ջերմացնել իր հարաբերությունները Հունաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ, եւ միակ բացառությունը մնում է Հայաստանը: Սահմանները երկու երկրների միջեւ փակ են 1993 թվականից, իսկ անցյալ տարի ստորագրված արձանագրությունները դեռ սպասում են վավերացմանը Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում: Երկար սպասված միջոցառումն էլ բոյկոտվեց հայերի կողմից, եւ անկնկալվող 5 հազար այցելուների փոխարեն Վան ժամանեցին հազիվ հազար հայեր:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը The Times-ին տված հարցազրույցում ասում է, որ Թուրքիան փորձում է օգտագործել կիրակնօրյա պատարագը որպես քաղաքական գործիք, ինչը վտանգավոր է, եւ որ Անկարան այդպես էլ չի հաջողում լուծել թուրքերի եւ հայերի միջեւ եղած խորքային խնդիրները: «Եկեղեցու վերանորոգումը եւ վերաբացումը, իհարկե, մեծ իրադարձություն է, բայց եթե ետ նայենք` վերջին 3 տարիների ընթացքում տեսնում եք, որ թուրքական պետությունը միայն իր համար ռազմավարական նշանակություն ունեցող քայլեր է անում: Այս վերանորոգումը արժեք ունի միայն այն դեպքում, եթե Թուրքիան հայտարարի, որ պատրաստ է ընդունել իր պատմությունը», - ընդգծում է Քոփթաշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG