Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Երեւան է ժամանում Լոնդոնի աշխարհահռչակ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը` երկօրյա հյուրախաղերով:

Այս հյուրախաղերը «21-ի հեռանկար» դասական երաժշտական միջազգային 11-րդ փառատոնի շրջանակներում են տեղի ունենալու:

«Մենք բոլորս սպասման մեջ ենք մի մեծ իրադարձության, որը Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի այցն է առաջիկա Հայաստան, իրենց հյուրախաղերը` սեպտեմբերի 22-ին եւ 23-ին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Բավականին ժամանակ բանակցությունների մեջ էինք նվագախմբի հետ, որովհետեւ այս կարգի նվագախմբերը 4-5 տարի առաջ են պլանավորում իրենց համերգային գործունեությունը», - նշեց Սոնա Հովհաննիսյանը` հավելելով. - «Մենք, իհարկե, այս նվագախմբի համերգով չենք սահմանափակվելու, հիմա բանակցությունների մեջ ենք նաեւ հետագա տարիների համար Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախբի, Վիեննայի եւ այլն, եւ քանի որ դա մեր փառատոնի քաղաքականությունն է եւ արդեն 11 տարի է` չի իջնում այն նշաձողը, որը մենք որդեգրել ենք»:

Նվագախումբը հանդես կգա հայ անվանի երաժիշտ-կատարողների հետ: Առաջին համերգի ընթացքում, որը ղեկավարելու է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հանդես կգա նաեւ անվանի դաշնակահար Բորիս Բերեզովսկին:

Երկրորդ համերգի ընթացքում էլ, որը տեղի կունենա Օպերային թատրոնում, հայ լավագույն օպերային երգիչները հանդես կգան` Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը: Համերգի առաջին մասում նրանք կկատարեն հանրահայտ օպերային արիաներ, երկրորդ մասում էլ կհնչի Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան:
XS
SM
MD
LG